Բաժիններ՝

Հոգ տարեք ձեր մասին: 10 պահ, որոնք ձեզ մոտ մեղքի զգացում չպետք է հարուցեն

Ինքնագնահատականի և հոգեբանական բարեկեցության համար ավելի վատ բան չկա, քան կայուն մեղքի զգացում ունենալը: Այն ներսից դանդաղ, բայց հաստատուն քայքայում է ձեզ: Ընդ որում, դրա առաջացման պատճառները կարող են չնչին լինել, այնքան չնչին, որ արժանի չլինեն երկար հիշվելու: Ավելի վատ է, երբ դուք անընդհատ այդ իրավիճակը պտտում եք ձեր գլխում, երկխոսում երևակայական զրուցակցի հետ, փորձում արդարանալ: Իրավիճակներ կան, որոնցից իսկապես չի կարելի ամաչել:

1. Ճիշտն եք ասում…

Այո, ոչ բոլորը կարող են ադեկվատ ընկալել ճշմարտությունը ձեր մատուցմամբ: Բոլորին չէ, որ դուր է գալիս լսածը, քանի որ նրանք իրենց արարքներին կողքից չեն նայում: Դուք կարող եք նրանց օգնել գիտակցել իրենց դիտարկումների կամ գործողությունների սխալականությունը: Իսկ որպես դաստիարակված և կիրթ մարդ՝ անպայման գտեք հարմար բառեր, որպեսզի ձեր խոսքը չնմանվի դատախազի մեղադրական ճառի: Չէ՞ որ դուք միայն լավ մտադրություններ ունեք: Այդ պատճառով էլ մեղքի զգացում չպետք է ունենաք ցուցաբերած անկեղծության համար:

2. Վեճերի մեջ չեք մտնում…

Կարդացեք նաև

Ունենալով սեփական կարծիք՝ դուք հաճախ այն չեք արտահայտում միայն նրա համար, որ անհանգստանում եք շրջապատողների արձագանքի համար: Ձեզ թվում է, թե դուք կվիրավորեք բոլորին, եթե սկսեք պնդել ձեր տեսակետը: Բայց չէ՞ որ դա կարելի է անել հանգիստ վիճակում՝ ընտրելով ճիշտ բառեր ու փաստարկներ: Եթե մարդը սխալ է, ապա ինչո՞ւ նրան ցույց չտալ հակառակ կարծիքը: Ո՞վ գիտի, միգուցե նա փոխի իր կարծիքը ու դրա համար շնորհակա՞լ լինի ձեզ:

3. Հրաժարվում եք օգնել…

Հիմա շատերը սովորում են հստակ մերժել, եթե չի ստացվում ինչ-որ մեկի, առանց ինքդ քեզ վնասելու, օգնել: Դա այնքան էլ հեշտ չէ անել, քանի որ մարդկանց մեծ մասի մոտ ի հայտ է գալիս մեղքի զգացում՝ կապված մերժման հետ: Հավատացեք, ավելի լավ է ուղիղ այդ մասին ասել, քան հետո ուրիշին օգնելու համար ժամանակ կտրել ընտանիքից կամ վատնել սեփական ռեսուրսները: Այդ կերպ միայն կխորացնեք ձեր ներսի կոնֆլիկտը:

Եթե ցանկություն ու հնարավորություն ունեք՝ օգնեք, իսկ եթե ոչ, հրաժարվեք՝ առանց բացատրությունների:

4. Ավարտում եք հարաբերությունները…

Որքան հաճախ է պատահում, որ մեզ հարաբերություններն արդեն չեն ուրախացնում, սակայն մենք վախենում ենք այդ մասին ասել զուգընկերոջը՝ չցանկանալով նեղացնել նրան: Ավելի ահավոր է, երբ երկուսն էլ հասկանում են հետագա համատեղ կյանքի անիմաստությունը, սակայն ոչինչ չեն անում այն ավարտելու համար: Համարձակություն ունեցեք, գտեք անհրաժեշտ բառերն ու անկեղծ խոսեք: Ճնշող վիճակի փոխարեն՝ դուք երջանիկ կյանքի համար էներգիա կստանաք. չէ՞ որ լավագույնն առջևում է:

5. Բացահայտ կերպով ուրախանում եք ձեր հաջողություններով…

Չարժե շարունակ ձեր գործողությունները համապատասխանեցնել ուրիշների ընկալումներին: Հատկապես դա վերաբերում է հաջող ավարտ ունեցած գործին կամ ձեռք բերած հաջողություններին: Չէ՞ որ դուք փորձել եք, շատ եք աշխատել, ջանքեր եք գործադրել, ուրեմն ինչո՞ւ չշողալ երջանկությունից, երբ ամեն ինչ ստացվել է: Բոլոր իրավունքներն ունեք դրա համար: Ձեր օրինակով դուք նաև ուրիշներին կոգևորեք՝ լավ գործեր կատարել:

6. Նման չեք բոլորին…

Ոչ մի վատ բան չկա գեղեցկության կանոններին հետևելու և ընդհանուրի կողմից ընդունված կենսակերպ վարելու մեջ: Բայց դրանք ձեզ կարող են ձանձրալի անձնավորություն դարձնել: Ընտրեք անհատական ոճ և մի վախեցեք ուրիշներին նման չլինելուց: Ձեր գլխավոր կողմնորոշիչը ձեր սեփական Ես-ի զգացողությունը պետք է լինի, այն, թե որքան հարմարավետ եք դուք ձեզ զգում այս կամ այն ոճի մեջ:

7. Գնում եք չնախատեսված իր…

Կնոջ համար նորմալ երևույթ է՝ գնալ խանութ լուցկու հետևից ու… մուշտակ գնել: Միայն թե պետք չէ քայքայվել այն մտքից, թե ընտանիքը գազը վառելու բան չունի: Սա, իհարկե, պայմանական օրինակ է: Բայց չէ՞ որ դուք այդպես ամեն օր չեք վարվում: Երբեմն կարելի է նման թուլություններ թույլ տալ ինքդ քեզ՝ կատարելով չնախատեսված գնում: Ուրախության զգացողության համար արժե մեծ գումարներ տալ:

8. Հարազատներին հաճախ չեք այցելում…

Ծնողները մեծացրել ու դաստիարակել են ձեզ, ինչի համար մեծ շնորհակալություն նրանց: Այժմ դուք մեծ մարդ եք, ունեք ձեր հետաքրքրությունները, ընտանիքն ու աշխատանքը:

Չարժե ինքդ քեզ անընդհատ ձաղկել այն բանի համար, որ շարունակ չեք կարողանում նրանց կողքին գտնվել: Դուք դա անում եք այն ժամանակ, երբ հանգամանքները հաջող են դասավորվում: Մյուս կողմից՝ ծնողներին էլ պետք է հանգստանալու հնարավորություն տալ, նրանք պետք է ունենան անձնական տարածք ու ժամանակ իրենց համար: եվ որքան ուրախալի են լինում հանդիպումները, երբ միասին հավաքվում եք: Միշտ թեմաներ կան խոսելու, տպավորությունները կիսելու:

9. Չեք նետվում դեպի հեռախոսը…

Միայնակ մնալը, այլ ոչ թե՝ աշխարհի հետ անընդհատ կապի մեջ լինելը նորմալ երևույթ է: Ավելին, այդպիսի ընդմիջումներ երբեմն պետք է անել շփումից հանգստանալու, ուրիշների խնդիրների լուծումից ազատվելու համար:

Այդ պատճառով էլ, եթե տեսնում եք բաց թողած զանգեր կամ հաղորդագրություններ ձեր հեռախոսի վրա, ձեր գրածների տակ մեկնաբանություններ սոցիալական ցանցերում, մի նետվեք անմիջապես պատասխանել դրանց, եթե, իհարկե, հրատապ նորությունների չեք սպասում: Ձեզ համար առաջնայնություններ սահմանեք՝ գործերի շարքում նշելով կարևորները:

10. Հրաժարվում եք հատուկ սննդակարգի հետևելուց…

Դասական օրինակ է: Երբ երկար ժամանակ դիմանում ես, չես ուտում արգելված մթերքներ, իսկ հետո հանկարծ զայրանում ես ու ուտում կոնֆետ կամ մի կտոր տորթ: Թվում է, թե բոլորը տեսան, ամոթ է, և դուք հիմա արդեն չեք կարող համարվել դիմացկունության չափանիշ:

Հավատացեք, մի անգամ շեղվելով՝ չեք տուժում: Դրա փոխարեն՝ համեղ բան ուտելով՝ հաճույք եք ստանում, բարձրանում է տրամադրությունը: Այո, կյանքում ամեն բան էլ պատահում է, բայց դա առիթ չէ ինքդ քեզ կրծելու ու նյարդային քայքայման հասցնելու համար:

Մեղքի զգացումն անարդյունավետ զգացողություն է, որն ուղղված է ներքին քայքայմանն ու ինքնաոչնչացմանը: Իսկ դա ձեզ պե՞տք է: Սովորեք խելամիտ ափսոսանք զգալ կատարվածի համար ու շարժվեք առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս