
«Գուցե Ձեզ բարկացրել է այն, որ ՀՀԿ-ականների կողմից ընտրությունների ժամանակ ընտրակաշա՞ռք է բաժանվել». Լենա Նազարյանը՝ Արմեն Սարգսյանին

ԱԺ-ում Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նախագահի թեկնածուին հարց ուղղեց կոռուպցիայի վերաբերյալ:
«Դուք հայտարարեցիք, որ կոռուպցիան կործանարար նշանակություն ունի երկրի համար: Կոռուպցիոն ո՞ր դեպքը Ձեզ բարկացրեց, գուցե այն, որ ՀՀԿ-ականների կողմից ընտրությունների ժամանակ ընտրակաշա՞ռք է բաժանվել, դա քաղաքական կոռուպցիա է, գուցե Ձեզ բարկացրել է այն, որ տարբեր պաշտոնյաներ օֆշորներում բիզնեսներ գրանցելով՝ հարստանում են բյուջեից, կամ գուցե դուք տեսել եք այստեղ գտնվող պատգամավորների հայտարարագերը, իրենց հարստությունները, և դա՞ է Ձեզ բարկացրել: Կոնկրետ ասեք՝ կոռուպցիոն ո՞ր դեպքն է Ձեզ բարկացրել»,- հայտարարեց Լ. Նազարյանը:
Ի պատասխան՝ Ա. Սարգսյանն ասաց. «Դուք նշեցիք կոնկրետ դեպքեր, բայց դուք նշեցիք, ոչ թե՝ ես: Ինձ առանձին դեպք չէ, որ զայրացնում է, և առանձին դեպքի վրա չէ, որ ես պետք է հիմնեմ իմ վերաբերմունքը: Լսել եմ դեպքերի մասին, բայց այդ դեպքերի իրականությունը կամ ոչ իրականությունը… Ես դատավոր չեմ: Իմ վերաբերմունքն ընդհանուր է, քանի որ տեսնում եմ, լսում եմ հարյուրավոր դեպքերի մասին, հասկանում եմ, որ չի կարող պատահել, որ երկրում կոռուպցիոն դեպքեր չլինեն, եթե կա նման ֆոն»: