
«Ամեն ինչ անելու եմ մեր սփյուռքահայության նախագահը դառնալու համար». Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է ողջ եռանդը, երկար տարիների փորձը ի սպաս դնել Հայաստանի, Արցախի և սփյուռքի ազգային խնդիրների լուծմանը:
«Աշխատելու եմ և փորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի իմ գործունեությունը լինի Սահմանադրության սահմաններում, աշխատելու եմ անկեղծությամբ և ազնվությամբ, լինելու եմ մեկը, որ ոչ միայն հանրապետության նախագահի պարտականություններն է կատարելու, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարձրագույն պարտականությունը՝ նախևառաջ լինել այս պետության քաղաքացի»,- ասաց Սարգսյանը:
Նա շեշտեց, որ փորձելու է ներկայացնել նաև արցախահայության շահերը և ինչ-որ իմաստով լինել նաև նրանց բարոյական աջակցությունը կրող նախագահ: «Ամեն ինչ անելու եմ մեր սփյուռքահայության նախագահը դառնալու համար՝ նպատակ ունենալով իրականացնել ազգային միասնությունը մեր երկիրը դարձնել մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ ապագա ունեցող երկիր. փոքր պետություն, համաշխարհային ազգ: Վստահ եմ՝եթե մենք մեր քայլերը ճիշտ կատարենք՝ 21-րդ դարը մերն է լինելու»,- ասաց Արմեն Սարգսյանը: