Բաժիններ՝

Կառավարությունը նախարարությանը 100% բաժնեմասով պատկանող պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն վաճառելու մասին որոշում կայացրեց

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  նախարարությանը 100 տոկոս բաժնեմասով պատկանող պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառել:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության` 100% պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է ք. Երևան, Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հազ. հողատարածքը:

2018 թվականի մարտի 1-ի դրությամբ՝ շուրջ 114,5 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանցով զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 10,3447 հա հողատարածքը (ծանրաբեռնված օտարման դեպքում՝ հողամասի կադաստրային արժեքի վճարման պարտավորությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատված 626 905,0 հազ. դրամ շուկայական գնով (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)՝ ուղղակի վաճառքի ձևով կհանձնվի «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից գույքային համալիրը տարիներ շարունակ չի շահագործվել և գտնվում է անմխիթար վիճակում:

Կարդացեք նաև

Ընկերությունը չունի ծրագրեր գույքային համալիրի տարածքում գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

«Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ն 2018 թվականի փետրվարի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին` պատրաստակամություն հայտնելով ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել իր ծրագրերի համար` արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար, մասնավորապես, հիմնել մեխանիկական արտադրամաս (մետաղական և փայտաշեն կոնստրուկցիաների պատրաստման նպատակով), ժամանակակից բետոնի գործարան, շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն, շինարարական նյութերի և կիսապատրաստուկների կենտրոնացված պահեստ, երկաթ-բետոնյա և բետոնյա կոնստրուկցիաների արտադրամաս, վարձակալությամբ տրվող պահեստային տարածքներ` կահավորված անհրաժեշտ բեռնման և բեռնաթափման սարքավորումներով, վարձակալությամբ տրվող մատչելի գրասենյակային տարածքներ փոքր և միջին բիզնեսի համար, բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր, շինարարական, գյուղատնտեսական, մանր և միջին տեխնիկայի ցուցասրահ, պահեստ, ինչպես նաև սպասարկման, վաճառքի ու վարձակալության կենտրոն, ծանր շինարարական, գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոն և կայանատեղի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանման վայր:

Գնորդը երաշխավորել է բոլոր վերը նշված արտադրական և այլ կարողությունները համապատասխանեցնել շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատանքի կազմակերպման, անվտանգության միջազգային չափանիշերին:

Գնորդը, միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել այդ կարողությունների ստեղծման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում ներդնել 7,5 մլրդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հանձնարարվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  նախարարին, հանդես գալով՝ որպես ընկերության միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ, ընդունել միակ բաժնետիրոջ որոշում` 100% պետական մասնակցությամբ ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքային համալիրն անկախ գնահատողի կողմից գնահատված 626,9 մլն դրամ շուկայական գնով (ներառյալ` ԱԱՀ-ն) ուղղակի վաճառքի ձևով գնորդին օտարելու թույլտվություն տալու վերաբերյալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս