
Արտերկրից Հայաստան եկող գումարը կտրուկ նվազել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարին կտրուկ նվազել են արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները:
Թերթին հայտնի դարձավ, որ հունվարին մասնավոր տրանսֆերտները կազմել են 94 մլն 672 հազար դոլար: Դեկտեմբերի համեմատ սա պակաս է ավելի քան 100 մլն դոլարով: Տրանսֆերտների մեծ մասը՝ 51.7 մլն դոլարը, եկել է ՌԴ-ից, 12.3 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից: Միաժամանակ թերթը տեղեկացավ, որ այս տարի շարունակվել է Հայաստանից գումարների արտահոսքը, ընդ որում՝ ահռելի չափերով. միայն հունվարին երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 74.3 մլն դոլար:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկը, եթե ոչ ամենահիմնական գործոնը, մասնավոր տրանսֆերտներն են, ապա դժվար չէ կռահել՝ առաջիկայում ինչ դժվարություններ են սպասվում նույն այդ տնտեսությանը:
Առավել եւս, երբ գումարների զուտ ներհոսքը՝ ՀՀ եկած ու դուրս եկած գումարների տարբերությունը, վերջին 5 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրել՝ 20.3 մլն դոլար: Մասնագետների պնդմամբ` այս պատկերը վտանգավոր է իր հետեւանքներով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: