
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը զրկվել է ևս երկու պատգամավորական մանդատից

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Ահմեթ Յըլդըրըմը և Իբրահիմ Այհանը զրկվել են պատգամավորական մանդատներից: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Թուրքական դատարանը Ահմեթ Յըլդըրըմին մեղավոր էր ճանաչել «երկրի նախագահին վիրավորելու», իսկ Իբրահիմ Այհանին՝ «հանցախմբի քարոզչություն անելու» համար: Յըլդըրըմը դատապարտվել է 14 ամիս, իսկ Այհանը՝ 1 տարի և 3 ամիս ազատազրկման:
Մեջլիսում դատարանի վճռի ընթերցումից հետո պատգամավորները զրկվել են մանդատից:
Այդպիսով քրդամետ կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրություններից հետո մեջլիսում ուներ 59 պատգամավորական մանդատ, այժմ ունի ընդամենը 50 պատգամավոր: Պատգամավորական մանդատներից զրկվել են Ֆիգեն Յուքսեքդաղը, Ֆերհան Էնջյուն, Լեյլա Զանան, Բեսիմե Քոնջան, Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը, Նուրսել Այդողանը, Իբրահիմ Այհանը, Ահմեթ Յըլդըրըմը: