ԱԺ-ն քննարկում է պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Գևորգ Կոստանյանին պատգամավորներին ներկայացրեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ինձ թվում է՝ այդ հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ է սկզբունքայնություն։ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը սկզբունքային անձնավորություն է։ Անհրաժեշտ է բարձր պրոֆեսիոնալիզմ։ Դա ևս անժխտելի է։ Փորձառություն. արդեն նրա գործունեությունն է խոսում նրա փորձառության մասին։ Օբյեկտիվություն, որովհետև քաղաքական դաշտում կա ընդդիմություն, իշխանություն, օրենքներ և շահերի բախում։ Նրա աշխատանքի ընթացքում մենք նկատել ենք նրա օբյեկտիվությունը»,- ասաց նա:
Գևորգ Կոստանյանը նշեց, որ ինքը երկար ժամանակ եղել է գործադիր մարմնում, սակայն ամբողջ ժամանակահատվածում զբաղվել է օրենսդիր գործունեությամբ, բացի այդ, նա ԱԺ սահմանադրաիրավական կարգավիճակի թեմայով գիտական աշխատություն է պաշտպանել: «Ես հասկանում, գիտակցում, պատկերացնում և ընդունում եմ օրենսդիր գործունեության կարևորությունը եւ նշանակությունը»,- ընդգծեց Կոստանյանը:
Նրա խորին համոզմամբ՝ օրենքների որակով է պայմանավորված դրանց արդյունավետ կիրառումը: «Եթե մենք իրոք ուզում ենք ունենալ ժողովրդավարական, սոցիալական և այլ հատկանիշներով օժտված պետություն, որը մենք առաջարկել ենք մեր Սահմանադրությամբ, ապա մեր թիվ մեկ խնդիրն օրենքների որակն է: Օրենքների որակով մենք պարտադրում և պարտավորեցնում ենք իրավակիրառին կոնկրետ ուղղությամբ տանել պետական ապարատի գործունեությունը»,- նշեց Կոստանյանը՝ այդ համատեքստում ընդգծելով հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի կարևորությունը:
Նա անդրադարձավ նաև մարդու իրավունքների պաշտպանության խնդրին, քանի որ հանձնաժողովի անվանումն իր մեջ դա ներառում է: «Իմ կենսագրության ընթացքում զբաղվել եմ մարդու իրավունքների պաշտպանության, դրա ամրապնդման հարցերով: Ես պետության փաստաբանն եմ եղել և կամ ՄԻԵԴ-ում: Ես պաշտպանում եմ պետության շահը այնտեղ, սակայն երկրի նախագահին, վարչապետին, ՍԴ-ին ներկայացնում եմ այն թերությունները, որոնք շտկման ենթակա են։ Ես ներկայացնում եմ այն փոփոխությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի զարգացնել մարդու իրավունքների պաշտպանությունը: Անկեղծ ասեմ, որ բազմաթիվ օրենքներ նախորդ գումարման ԱԺ-ում ուղղվել են հենց իմ առաջարկությունով։ Որպես զինվորական դատախազ, որպես գլխավոր դատախազ պաշտոնավարման ժամանակ դա է եղել իմ հիմնական գերխնդիրը»,- ասաց պատգամավորը:
Նա շեշտեց, որ պետական ամբողջ մեխանիզմը գործում է մարդու իրավունքների ապահովման նպատակով: «Ես կփորձեմ նաև այս պաշտոնում ընտրվելու դեպքում ամբողջ գործիքակազմը կիրառել այդ ուղղությամբ՝ պետաիրավական գործունեությունն ուղղել դեպի մարդու իրավունքների պաշտպանություն»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը՝ խոստանալով նույն ոգով շարունակել իր գործունեությունը: