
Դե Միստուրան Աստանայի գործընթացի երաշխավորներին կոչ է արել քննարկել Արևելյան Գութայի իրադրությունը

Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Աստանայի գործընթացի երաշխավորներին՝ Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքիային, կոչ է արել Արեւելյան Գութային (Դամասկոսի արվարձան) նվիրված շտապ հանդիպում անցկացնել ապաէսկալացման ռեժիմի վերականգնման նպատակով: Այս մասին, ասված է նրա հայտարարության մեջ, որը փետրվարի 23-ին տարածվել է Ժնեւում:
«Հատուկ դեսպանորդը վերստին «Աստանայի» երաշխավորներին կոչ է անում շտապ հանդիպում անցկացնել ապաէսկալացման վերականգնման նպատակով»,- ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի՝ Ժնեւի բաժանմունքի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին:
Համաշխարհային կազմակերպության հանձնակատարն Արեւելյան Գութայում, որտեղ ակտիվացել են մարտերը, քաղաքացիական բնակչության դրությունը որակել է սոսկալի՝ ընդգծելով, որ հարկ է դադարեցնել ինչպես Արեւելյան Գութայի ռմբակոծումները, այնպես էլ Դամասկոսի գնդակոծումները: Հրադադարի ռեժիմի սահմանումից հետո անհրաժեշտ է անհապաղ անարգել մուտք ապահովել դեպի Արեւելյան Գութա եւ հեշտացնել բժշկական տարահանումը, հավելել է դե Միստուրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: