«Դա ուղերձ էր Ադրբեջանի ժողովրդին, որ պետք է պատրաստվել պատերազմի». Հայկ Ա. Մարտիրոսյան
168.am–ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը
– Պարոն Մարտիրոսյան, Ադրբեջանի նախագահի ռազմատենչ ելույթն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում ակտիվորեն քննարկվում ու գնահատվում է հայաստանյան մամուլում: Ալիևի նմանատիպ հայտարարություններն այլևս անակնկալ չեն հայկական կողմի համար: Ներկայումս այս հայտարարություններն ի՞նչ նպատակ են հետապնդում՝ հաշվի առնելով ընտրական գործընթացներն Ադրբեջանում, իրավիճակը բանակցային գործընթացում և շփման գծում: Որքանո՞վ են լուրջ նման սպառնալիքները:
– Այդ ելույթը ռազմատենչ չէ: Դա ծրագրային, խորքային և չափազանց լուրջ ելույթ է: Երևանում շատ են սիրում նսեմացնել թշնամուն, ծաղրել նրան, և անմիջապես ստանձնել նրա մամուլի խոսնակի կամ փաստաբանի դերը և մեղմացնել ասածներն ու բացատրել դա «ներքին սպառման» անհրաժեշտությամբ: Անմիտ, անհեռատես և անչափ վտանգավոր մոտեցում է Հայաստանում գերիշխող այդ գիծը: Նման ելույթները ոչ թե՝ ներքին, այլ՝ համընդհանուր սպառման համար են: Իսկ այս մեկը՝ հատկապես: Դա ուղերձ էր Ադրբեջանի ժողովրդին, որ պետք է պատրաստվել պատերազմի: Դա նաև ծրագրային՝ ադրբեջանական ազգային գաղափարախոսության կարդինալ թեզն էր, որով այդ երկիրն այլևս առաջնորդվելու է: Եվ պետք է ասել, որ Ալիևն ազնիվ է իրեն պահում. Բաց հայտարարում է իր հավակնությունների մասին:
Նաև՝ ի տարբերություն Երևանի՝ իր ամեն խոսքը չի ձևավորում այնպես, որ հաճո և բարի թվա Արևմուտքի ականջներին: Նա ուղղակի հայտնում է մի բան, որն իբրև թե անընդունելի է միջազգային հանրության համար, բայց որի առջև միջազգային հանրությունը փակում է իր ականջները, և, եթե հանկարծ մի օր դա իրականություն դառնա՝ կփակի նաև աչքերը:
Երկիրը հաղթանակի հենց այդպես են տանում, և Բաքվում ակնհայտորեն պատրաստվում են հաղթել առաջիկա պատերազմում: Հուսանք, որ դա իրականություն չի դառնա: Իհարկե, Հիտլերի երազանքն էլ տապալվեց: Հարցը գինն էր, որ աշխարհը վճարեց: Այս պարագայում ադրբեջանական ֆաշիզմի դեմ մեն-մենակ կանգնած է լինելու Երևանը, և շատ հնարավոր է, որ կարողանա բարեհաջող դիմադրել, բայց ի՞նչ գնով: Հանրության, հասարակության այսպիսի անպատրաստության պայմաններում այդ գինը կարող է չափազանց բարձր լինել:
– Հայաստանում և Ադրբեջանում ներքաղաքական փոփոխությունների այս փուլում ի՞նչ պետք է սպասել բանակցություններից և շփման գծից:
– «Բանակցություններ» բառն արդեն այս իրավիճակում վիրավորական է հայ ժողովրդի համար: Շփման գիծն էլ շուտով ռազմաճակատի գոտի կդառնա: Անվանեք այսպես ասողներին սարսափ տարածողներ, վախի մթնոլորտ ստեղծողներ և չափազանցնողներ: Դրանից իրականությունը չի փոխվում: Եթե Հայաստանում սիրում են ինքնախաբեությամբ զբաղվել, ապա դա միայն Հայաստանի խնդիրն է: Բաքվում դրանից միայն գոհ են:
Ինչ վերաբերում է ներքաղաքական փոփոխություններին՝ ապա դրանք չեն էլ ծրագրվում: Ադրբեջանում նախագահը երկարացնում է իր ժամկետը, Հայաստանում՝ դա փաստացի արդեն տեղի է ունեցել: Եթե ձևական արարողակարգային փոփոխությունները բովանդակային ենք համարելու՝ ապա դա արդեն այլ թեմա է: Իրականում Ադրբեջանի անվանական ընտրությունների առավել վաղ անցկացումը մտահոգիչ է: Հենց նույն պատերազմի ժամկետների հնարավորության առումով: Մյուս կողմից՝ եթե պատերազմը, միևնույն է, անխուսափելի է, և Բաքվից հարձակում է պլանավորվում, ապա որքան շուտ դա տեղի ունենա՝ այնքան ձեռնտու է Հայաստանին: Ժամանակն աշխատում է Հայաստանի դեմ, և Երևանին ավելի ձեռնտու է լավ դիմադրել ու հակագրոհի անցնել հիմա, քան հետո:
– ԱՄՆ Ազգային հետախուզությունը հրապարակել էր գնահատական աշխարհում հնարավոր սպառնալիքների առնչությամբ: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտությանը, որտեղ ԱՄՆ-ը 2018-ին բռնության նոր դրսևորումների ռիսկ է տեսնում: Որքանո՞վ է այս կանխատեսումն արժանահավատ:
– Ազգային հետախուզության տնօրեն Դանիել Քոթսի այդ զեկույցում խոսքը ոչ թե ռազմական գործողությունների, այլ լայնամասշտաբ ռազմական բախման մասին է: Այլ բառերով՝ լայնամասշտաբ և իսկական պատերազմի: Տարիներ շարունակ խոսում ենք այդ պատերազմի մոտալուտության մասին, և միայն հիմա՝ Վաշինգտոնում հրապարակվող Ամերիկյան հետախուզության զեկույցից հետո է, որ Երևանում հայ հասարակությունը սկսում է առկա սպառնալիքը լուրջ ընդունել: Սրանում զավեշտ կա: Ողբերգական զավեշտ: Նաև՝ ողբերգական խավար և անտարբերություն, որում խարխափում է հայաստանյան հասարակության մի զգալի հատված:
– Մամուլում տարածվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ծանուցումն այն մասին, որ ՌԴ-ի ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ «էական գործարքներ» ստորագրելու պարագայում այդ երկրները կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների թիրախում: Ի՞նչ նպատակ է հետապնդում ամերիկյան կողմը: Ձեր կարծիքով` թիրախը միայն ռուսական համապատասխան ընկերություններն են և նրանց գործարքնե՞րը, թե՞ նաև Ղարաբաղյան գոտում իրավիճակ փոխելու նպատակը:
– Այդ մասին նախկինում զգուշացրել եմ նաև ես: Արցախի հարցում, որ հիմա, Ալիևի ելույթից հետո, արդեն ուղղակի պաշտոնապես պետք է համարել ողջ Հայաստանի հարց, ԱՄՆ-ը որևէ բացասական մասնակցություն չի ունեցել և չունի: Ընդհակառակը՝ մշտապես ջանքեր են գործադրվել՝ խաղաղությունը երկարաձգելու համար: Բայց պետք է հասկանալ, որ Երուսաղեմի հարցով Հայաստանի ակնհայտորեն հակաամերիկյան քվեարկությունից հետո բնական է, որ ԱՄՆ-ը այլևս աչք չէր փակելու իր պաշտոնապես գլխավոր հակառակորդ Ռուսաստանի հետ բարեկամ Հայաստանի ռազմական համագործակցության վրա: Այլ նպատակներ չկան:
Թիրախը ռուսական կողմն է, ռուսական տնտեսությունն ու ռազմաարդյունաբերական համալիրը: Հատկապես ավելի ու ավելի սրվող ռուս-ամերիկյան հարաբերությունների ֆոնին՝ այդ հայտարարությունն ու զգուշացումներն ավելի բացատրելի և հստակ են դառնում: Բայց այստեղ այլ հարց է ծագում. ի՞նչ է անելու Հայաստանը, երբ բարդանան, առանց այդ էլ, ոչ պատշաճ մակարդակի ռազմական մատակարարումները Ռուսաստանից:
Այլ՝ հավելյալ դաշնակիցներ Հայաստանը չի փնտրել և առաջիկա պատերազմ մտնելու է գրեթե միայնակ: Մարդուժն արդեն խնդիր է հայկական կողմում: Ի՞նչ է լինելու զինամթերքի հարցը, եթե դա նույնպես հանկարծ լուրջ արգելքների հանդիպի: Սրանք հարցեր են, որոնց մասին Երևանում չեն խոսում: Չեն խոսում, որովհետև անհարմար է: Առավել հարմար է Ալիևին հոգեկան հիվանդ, ռազմատենչ Հիտլեր և զառանցող «Բաքվի բռնակալ» կոչել: Դրանից, սակայն, իրականությունը չի փոխվում, իսկ վճռական բախումը շարունակում է մոտենալ: