Ինչ ակնարկեց Էրդողանին Սերժ Սարգսյանը

«Դժվար է կանխատեսել, թե երբ կողմերը կկարողանան ևս մեկ անգամ սկսել կարգավորման գործընթաց, քանի որ տարածաշրջանում պատերազմական օջախներն էլ ավելի են խորանում, նոր խնդիրներ են առաջանում, և ընդհանուր առմամբ աշխարհում են լուրջ անվտանգությանն առնչվող փոփոխություններ տեղի ունենում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անկարայի քաղաքականության կենտրոնի Միջազգային հարցերի ծրագրի համակարգող, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կովկասում անկայունության ինտրա- և ինտեր-հասարակական սկզբնաղբյուրները և ԵՄ-ի` դրանց արձագանքելու հնարավորությունները» FP7 նախագծի ավագ հետազոտող Բուրչու Գյուլթեքին Փանսմանը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահն իր Մյունխենի անվտանգության համաժողովի ելույթում հերթական անգամ անդրադարձել էր հայ-թուրքական արձանագրություններին՝ նշելով, որ Հայաստանը չի կարող անվերջ սպասել: «Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա՝ վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ»,- Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Հայաստանի նախագահը։
Նշենք նաև, որ ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սագսյանը տեղեկացրել էր, որ 2018 թվականի գարունը Հայաստանը կդիմավորի՝ առանց հայ-թուրքական արձանագրությունների:

Գյուլթեքին Փանսմանն ասաց, որ հայ-թուրքական արձանագրություններով սկսված հայ-թուրքական կարգավորման գործընթացը լավ մեկնարկ էր հաջող արդյունք ստանալու համար: Սակայն, ըստ նրա, արձանագրությունների բովանդակությունը լավն էր, սակայն գործընթացը կողմերին, մասնավորապես՝ Թուրքիային, պարտադրված էր Արևմուտքի, Ռուսաստանի կողմից, որից հետո հարցը կորցրեց հրատապությունը «միջնորդների» համար, և գործընթացը կանգ առավ:

Թուրք փորձագետն ասաց, որ արձանագրությունների վավերացման գործընթացի տապալումը երկու ասպեկտ ունի, որոնցից մեկը ԼՂ հակամարտությունն է, մյուսը` Թուրքիայի հարևանությամբ պատերազմի օջախը` սիրիական պատերազմը և բարդ տարածաշրջանային կապերը:

«Ակնհայտ է նաև, որ ՀՀ նախագահը, ով այդ գործընթացի նախաձեռնողներից մեկն էր, իսկապես անկեղծ ցանկություն ուներ հաջողելու նորմալիզացման գործընթացը, և ակնհայտ է նաև, որ ՀՀ նախագահն ափսոսում է: Կարծում եմ՝ դա է պատճառը, որ նա ժամանակ առ ժամանակ նախազգուշացնում էր թուրքական իշխանություններին, թե ինչպիսին է լինելու նրանց «լռության» գինը: Հայկական կողմի այս հետաքրքրության հետ մեկտեղ՝ հայկական կողմում չկար ցանկություն՝ գործընթացը որևէ կերպ ԼՂ հակամարտությանը կապել այն դեպքում, երբ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի ղարաբաղյան քաղաքականությանը:

Դրա ապացույցն էր ապրիլյան պատերազմը: Թուրքիայի ներկայիս իշխանությունների համար կարևոր են ադրբեջանական շահերը, հենց այդ պատճառով՝ առանց Ղարաբաղում ադրբեջանամետ փոփոխության, Թուրքիան չի դիտարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: Սրա հետ մեկտեղ՝ սիրիական պատերազմը, քրդական խնդիրը պատուհաս են դարձել Էրդողանի համար, քանի դեռ այստեղ Թուրքիան ակտիվորեն «աշխատում է», չի մտածի անգամ հարաբերություններ կարգավորել Հայաստանի հետ, իսկ սիրիական պատերազմում բոլոր կողմերին ձեռնտու ելքը Թուրքիայի վրա դրականորեն կանդրադառնա, կփոխվեն Թուրքիայի արտաքին քաղաքական հարաբերությունները, մասնավորապես՝ հարաբերություններն Արևմուտքի հետ, որոնք չափազանց անմխիթար վիճակում են»,- ասաց նա` շարունակելով, որ այն, ինչ տեղի է ունենում, կարելի էր սպասել:

Գյուլթեքին Փանսթմանը հետաքրքրական է համարում ՀՀ նախագահի դիտարկումն այն մասին, որ «նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ»: «Տպավորություն է, թե հայ-թուրքական արձանագրությունները զիջում էին Հայաստանի կողմից, և հարաբերությունները կարգավորելու նոր հնարավորության դեպքում Հայաստանն է նախապայմաններ առաջադրելու:

Սա գուցե սթափեցնող կոչ էր կամ էլ ապագային ուղղված առաջարկ, այս պահին դժվար է ասել, բայց այդ հանգամանքն ինձ ուշագրավ թվաց, քանի որ նոր հնարավորության դեպքում կարելի էր պարզապես թարմացնել հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը, չէ՞ որ դրանում մշակված էին այն բոլոր կետերը, որոնք անհրաժեշտ էին կարգավորման համար:

Այնուամենայնիվ, այդ նախադասությունը խոսուն էր, դա նշանակում է, որ կա արդեն պատկերացում, թե ինչպիսին կարող է լինել ապագա համաձայնագիրը՝ հնարավորության դեպքում»,- ասաց Փանսթմանը:

Նրա կարծիքով՝ ներկայումս դժվար է կանխատեսել, թե կողմերը երբ կկարողանան վերսկսել կարգավորման գործընթաց, քանի որ տարածաշրջանում պատերազմական օջախներն է՛լ ավելի են խորանում, նոր խնդիրներ են առաջանում, և, ընդհանուր առմամբ, աշխարհում լուրջ անվտանգությանն առնչվող փոփոխություններ են տեղի ունենում:

«Դժվար է ասել, թե ի՞նչ կետից և ե՞րբ Հայաստանն ու Թուրքիան կփորձեն «խոսել» միմյանց հետ, մոտ ապագայում այդ փորձերն անհաջող են լինելու»,- նկատեց թուրք փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս