«Սարգսյանի մյունխենյան խոսքն առաջընթաց էր, որ հույսեր է ներշնչում»

Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովը մեկնարկեց փետրվարի 16-ին և աշխարհի առաջնորդներին մեկ հարկի տակ մեկտեղեց մինչև փետրվարի 18-ը:

Անվտանգության 54-րդ համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնած նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց մյունխենյան համաժողովին` ունենալով ելույթ, ինչպես նաև քննարկումներին մասնակցելու հնարավորություն, որի ընթացքում ՀՀ նախագահին հարցեր ուղղեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ԼՂ հակամարտության, ռուս-թուրքական, Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթները դրականորեն հայտնվել են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:

«168 Ժամի» հետ զրույցում քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը՝ գնահատելով Ս.Սարգսյանի ելույթները՝ նշեց, որ Մյունխենում իր առաջին ելույթի շրջանակներում ՀՀ նախագահը բավական մեղմ ելույթ ունեցավ: Նրա բնորոշմամբ, նախ՝ նա Ալիևի հայտնի ելույթն անուղղակիորեն կապեց Ադրբեջանի նախընտրական շրջանի հետ: Բայց դա, ըստ Մարտիրոսյանի՝ ամենևին էլ նախընտրական ելույթ չէր: «Դա կոնցեպտուալ, ազգային գաղափարախոսության, այսինքն՝ Ադրբեջանի ազգային դոկտրինի հիմնարար ելույթ էր: Եվ այստեղ ընտրությունները քիչ կապ ունեն, որքան էլ որ ելույթը նախընտրական առիթի հետ է կապվում: Սարգսյանը չխոսեց այն մասին, որ Ալիևը ոչ միայն Երևանը հայտարարում է ադրբեջանական տարածք, այլև՝՝հավակնում է գրավել այն: Իսկ դա շատ կարևոր նրբություն է և էական տարբերություն:

Մի հանգամանք է, երբ մի բան, որի հետ պատմական կապ երբեք չես ունեցել և չէիր կարող ունենալ՝ հռչակում ես քո պատմական տարածք, այսինքն` կեղծիք ես կատարում, որ իրոք կարող է զառանցանք լինել, և մեկ այլ բան է՝ երբ հայտարարում ես, որ պետք է «ազատագրել» այդ տարածքները, և սեփական երկիրը գնալու է դրան: Դա արդեն փաստացի պատերազմի հայտարարում է և մի բան, որ միջազգային հարաբերություններում բացահայտ ագրեսիայի դրսևորում է համարվում: Այս առումով զարմանալի է, որ խոսվեց միայն Ալիևի առաջին մտքի մասին և լիովին անտեսվեց երկրորդ՝ ամենակարևոր մասը: Չգիտեմ, գուցե անմեղ բացթողում է: Գուցե՝ անմեղ, բայց շատ կարևոր: Հայաստանի նախագահը նաև իր ադրբեջանցի պաշտոնակցի ելույթը և խոսքերը «զառանցանք» անվանեց: Գուցեև այդ բառը մեծապես ականջահաճո է հասարակության մի պարզ զանգվածի, կամ իշխանական պրոպագանդիստներին, բայց դա զառանցանք չէ: Դա երազանք է:

Ու մինչդեռ զառանցանքներն ի սկզբանե դատապարտված են ձախողման, որովհետև ուղղակի հիվանդ երևակայության արդյունք են, երազանքները հակում ունեն երբեմն իրականանալու, հատկապես, երբ դրանց վրա միլիարդավոր դոլարներ են ծախսվում և մի ամբողջ նորաստեղծ էթնոս արդեն 30 տարի անընդմեջ ծրագրավորվում է ցեղասպանություն իրականացնելու և իր երազանքի տարածքներն ազատագրելու համար:

Եվ այստեղ է զառանցանքի ու երազանքի տարբերությունը: Ադրբեջանական կողմում չեն զառանցում: Այնտեղ առաջիկա ճակատամարտերի պլաններ են կազմում, իսկ Երևանում շարունակում են դրան որպես զառանցանքի վերաբերվել: Խոսվեց նաև Արցախի հարցը լուծելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ լուծման մասին է խոսքը: Դարձյալ՝ փոխզիջումներով: Անհասկանալի է, թե պատերազմի նախօրեին ինչո՞ւ է Հայաստանը դեռևս մտածում լուծելու մի խնդիր, որ Հայաստանը պետք է տրամաբանորեն լուծված համարեր:

Արդյո՞ք Հայաստանի համար Արցախի խնդիրը լուծված չէ: Ո՞րն է այդ լուծումը: Ճակատամարտում պարտություն կրած Ադրբեջանի կողմից Արցախի անկախության հայկական կողմին ոչինչ չտվող ճանաչո՞ւմը: Հայաստանն ի՞նչ է ակնկալում այդ լուծումից: Ի՞նչ է շահելու: Հիմա, երբ արդեն Երևանն են ուզում՝ ո՞րն է տասնամյակներ շարունակ վարվող և այս օրերին արդեն ամբողջությամբ իրեն սպառած քաղաքականության շարունակման իմաստը»,- նման տեսակետ հայտնեց Մարտիրոսյանը:

Այդ նիստում, սակայն, քաղաքագետի կարծիքով՝ առավել կարևոր է թվում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարին տրված՝ Հայաստանի նախագահի պատասխանը, որը Ս. Սարգսյանի երկրորդ խոսքն էր՝ արդեն ասուլիսի շրջանակներում: Նրա գնահատմամբ, անխոս, դա վստահ, բավական լավ շեշտադրումներ պարունակող պատասխան էր: Մարտիրոսյանի գնահատմամբ՝ հատկապես հաջողված էին առաջին մտքերը: Տոնը նույնպես լավ էր:

«Բայց չհնչեց որևէ պատասխան այն ռեպլիկին, որ վերաբերում էր տարածաշրջանային բոլոր ծրագրերից Հայաստանին դուրս թողնելուն: Ակնհայտորեն երիտասարդ դիվանագետը նախագահին փորձում էր տհաճություն պատճառել՝ կրկնելով Ալիևի անկեղծ խոստովանությունն այն մասին, որ իրենք հաջողել են Հայաստանին մեկուսացնելու իրենց գործում: Եվ Ալիևի կողմից, դա, ցավոք, ճշմարիտ պնդում էր:

Անհասկանալի է, սակայն, թե ինչու Արցախի մասին խոսելիս՝ Ս. Սարգսյանը փաստացի ԼՂԻՄ շրջակա տարածքները, որ պատմական և Վիլսոնյան Հայաստանի մաս են կազմում և իրականում Արցախի մաս են, ճանաչեց՝ որպես «Ադրբեջանի մի քանի շրջաններ», որոնք «հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ»: Փաստորեն, դրանք չեն ազատագրվել, Ադրբեջանի ԽՍՀ-ն, փաստորեն, Հայաստանի կողմից համարվում է ներկայիս Ադրբեջանի իրավանախորդ, փաստորեն, ստացվում է, որ հայերն իրո՞ք օկուպացրել են ադրբեջանական շրջաններ, և այդպես շարունակ: Սա որևէ իրավական հիմք այլևս չի տալիս այդ տարածքները պահպանելու համար:

Անհասկանալի է, ուղղակի անբացատրելի, թե պաշտոնական Երևանն ինչո՞ւ չի ուզում որևէ հղում անել միջազգային փաստաթղթերին՝ Ազգերի լիգայի որոշմանն ու Վիլսոնի իրավարար վճռին, որպեսզի հիմնավորի այդ տարածքների հայկականությունը և Հայաստանի Հանրապետության մաս լինելը: Սա հին մոտեցում է, որ Սարգսյանով չի սկսվել, բայց պետք է օր առաջ ավարտվի»,- ասաց Հայկ Ա. Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի նախագահի արտաքին քաղաքական ելույթներն անվերջ և անսպառ գերեվրոպականություն են արտացոլում, Հռոմի պապին հատուկ խաղաղասիրություն և Մայր Թերեզային հիշեցնող անհուն համբերություն:

«Նույն այդ համաժողովում Իսրայելի վարչապետն օգտագործեց դիվանագիտական պրակտիկայի ամենակոշտ հնարքներից մեկը և ուղղակի դիմեց իր թշնամուն՝ Իրանի ԱԳ նախարարին՝ թափահարելով խփված իրանական անօդաչուի մի դետալ: Իր հերթին՝ Իրանի ԱԳ նախարարն Իսրայելի ղեկավարին պատասխանեց նույնպես ուղղակի և նույն հարթությունում:

Մենք ապրում ենք մկանային քաղաքականության դարաշրջանում, որտեղ հետպատերազմական Եվրոպայի ուլտրալիբերալ ուտոպիզմը խամրում է և կորցնում ակտուալությունը, իսկ մնացյալ՝ իրականությունում ապրող աշխարհում, կիրառվում են կոշտ և զսպմանն ուղղված քաղաքական հնարքներ: Հայկական բոլորին և միշտ գերքաղաքակիրթ և գերբարի երևալու անհասկանալի և անարդյունավետ միտումը վտանգավոր է: Հատկապես՝ վճռորոշ պատերազմի նախօրյակին:

Ամեն դեպքում՝ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով Երևանում ակնհայտորեն վերջին ամիսներին տեղի ունեցած իրական մոտեցումների որոշակի փոփոխությունը, որն արտացոլվեց Սարգսյանի ելույթում, մյունխենյան խոսքն առաջընթաց էր, որ հույսեր է ներշնչում: Թերևս, գուցե, հավանաբար, Երևանում իրականում սկսել են գիտակցել, որ ամեն բան նոր Սարդարապատով է ավարտվելու: Կարծում եմ՝ այդ գիտակցումն արդեն մեծ առաջընթաց է՝ նախկինի համեմատ»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս