Եվրամիությունն ավարտում է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը
Եվրամիությունը ներկայում ավարտում է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Այժմ մենք զբաղվում ենք երկու հարցով: Առաջինը՝ զբաղվում ենք անցումային ժամանակաշրջանին վերաբերող համաձայնագրով, երկրորդը՝ ավարտում ենք (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի) դուրս գալու մասին համաձայնագիրը»,-ասել է նա: Սհինասի խոսքով՝ համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի մոտ ժամանակներս: «Երկու հարցերով էլ մենք առաջ կշարժվենք բավականին արագ, բայց ես չեմ ցանկանում որեւէ ամսաթիվ նշել:
Հենց որ համաձայնագիրը պատրաստ լինի, մենք այն կներկայացնենք ձեզ»,-հավելել է ԵՀ-ի ներկայացուցիչը: Ինչպես սպասվում է, այս երկու հարցերը կլինեն Brexit-ի շուրջ ԵՄ-ի 27 երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում, որը փետրվարի 23-ին տեղի կունենա Բրյուսելում:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: