Ֆրանսիայում մահացել է ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը
Փետրվարի 18-ին կյանքի 63-րդ տարում Փարիզում վախճանվել է ֆրանսիացի ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը: Մահը վրա է հասել սրտի նոպայի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Agence France Presse-ը՝ հղում անելով Լոքվուդի երաժշտական գործակալի տվյալներին:
Իր մահվան նախօրյակին Լոքվուդը մեծ համերգ է տվել Փարիզի «Բալ Բլոմե» ջազային ակումբում՝ ներկայացնելով իր նոր խտասկավառակը: Ֆրանսիացի երաժիշտը շատ տասնամյակներ համարվել է աշխարհի լավագույն ջազային ջութակարահարը:
2003 թվականին երաժիշտն ստացել է պետական բարձրագույն պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշան: Նա նաեւ պարգեւատրվել է «Վաստակի համար» շքանշանով, որը Ֆրանսիայում շնորհում են ինչպես գիտնականներին, այնպես է մշակույթի ականավոր գործիչներին:
Դիդիե Լոքվուդը գրել է երկու օպերա, ջութակի եւ նվագախմբի երկու կոնցերտ, դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտ, մի քանի քնարական պոեմ, մի քանի կինոֆիլմերի երաժշտություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: