Լևոն Մկրտչյանը պարզաբանում է, թե ինչու պետք է բուհերի կառավարման խորհրդի կազմը հաստատի վարչապետը
«ԵՊՀ-ն ունենալու է իրավունքներ, որոնք չեն կարող հակասել սկզբունքներին։ Նա այդ շրջանակներում առանձնահատուկ կարգավորում ունի՝ իբրև մայր համալսարան, որն աշխարհի բոլոր երկրների մայր համալսարաններն ունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով ԵՊՀ-ն ստանում բացառիկ դիրք, ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
Մեր մյուս հարցին՝ կրթության փորձագետները խնդրահարույց են համարում օրենքի նախագծի այն դրույթը, ըստ որի՝ կառավարման խորհրդի կազմը հաստատում է ՀՀ վարչապետը, նախարարն ի՞նչ կարծիք ունի այս մասին, նա այսպես պատասխանեց. «Ի վերջո, խորհուրդը պետք է հաստատվի հիմնադրի որոշմամբ։ Այստեղ խորհրդի կազմի ներկայացնելն է կարևոր, և ըստ էության, մեծ մասը ներկայացվում է համալսարանի կողմից։ Ցանկը պետք է ինչ-որ մեկը վերջնականապես հաստատի։ Այսօր էլ է այդպես, դա անում է կառավարության ղեկավարը։ Եթե սկզբունքորեն քննարկում գնա, որ՝ թող կառավարությունն իր որոշմամբ հաստատի, կարող ենք, որևէ խնդիր չունենք։ Բայց կառավարության որոշմամբ հաստատել բուհերի խորհրդի կազմը՝ այդ ամբողջ ծավալով… միշտ վարչապետներն են հաստատել»։