Բաժիններ՝

«Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը դարձել է BAFTA-ի մրցանակաբաշխության հաղթահերոսը

Անգլիացի ռեժիսոր Մարտին Մաքդոնահի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը ամենից շատ պարգեւներն է ստացել Կինո եւ հեռուստաարվեստների բրիտանական ակադեմիայի (The British Academy of Film and Television Arts, BAFTA) մրցանակաբաշխության ժամանակ, ինչի մասին վկայում են պարգեւատրման արդյունքները։

Ֆիլմը, որը հաղթանակի էր հավակնում ինն անվանակարգերում, մրցանակ է շահել հինգ կատեգորիայում, մասնավորապես, լավագույն ֆիլմի եւ լավագույն բրիտանական ֆիլմի համար: Կնոջ լավագույն դերի համար մրցանակին արժանացել է 60-ամյա ամերիկացի դերասանուհի Ֆրենսիս Մաքդորմանդը, որը մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ Մալդրեդ Հեյսին:

Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակը բաժին է հասել Սեմ Ռոքուելին, որը մարմնավորել է սպա Դիքսոնին: Ժապավենի սցենարը նույնպես արժանացել Է «Լավագույն օրիգինալ սցենար» կոչման:

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել մեքսիկացի Գիլիերմո դել Տորոն «Ջրի ձեւը» դրամայի համար: Կինոնկարը, որն անվանակարգերի թվով առաջատարն էր «Օսկար» մրցանակի համար, նաեւ պարգեւներ է ստացել նկարիչ-բեմադրիչի աշխատանքի եւ երաժշտական ձեւավորման համար:

Լավագույն դերասան է ճանաչվել Հերի Օլդմենը «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլի դերի համար:

71-րդ մրցանակաբաշխությունը փետրվարի 18-ի երեկոյան կայացել է Թագավորական Ալբերտ Հոլլում: Հանդիսավոր միջոցառման հռչակավոր դերասանների, ռեժիսորների եւ հյուրերի թվում եղել են արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը:

BAFTA-ն անկախ բարեգործական կազմակերպություն է, որն աջակցում, զարգացնում եւ քարոզում է կինո՝ որոշելով ու պարգեւատրելով կինո եւ հեռուստաարվեստի լավագույն ստեղծագործությունները: Ակադեմիան ստեղծվել է 1947 թվականի ապրիլի 16-ին բրիտանացի կինոռեժիսոր եւ սցենարիստ Դեւիդ Լինի ղեկավարությամբ եւ կոչվում էր Կինոյի բրիտանական ակադեմիա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս