Բաժիններ՝

«Թե ինչպես ես դաստիարակեցի աշխարհի գլխավոր ձեռնարկատիրոջը». Միլիարդատիրոջ մոր հաջողության ճանապարհը

Այժմ Մեյ Մասկը 68 տարեկան է, սակայն ավելի մեծ պահանջարկ ունի, քան որոշ երիտասարդ մոդելներ, և նկարահանվում է այնպիսի խոշորագույն բրենդերի համար, ինչպիսիք են Քլինիքը և Ռևլոնը: Բացի այդ, Մեյ Մասկը հայտնի սննդաբան է, ողջ աշխարհով մեկ առողջ սննդի վերաբերյալ դասախոսություններով է հանդես գալիս և թողարկել է Feel Fantastic գիրքը: Եվ չմոռանանք, որ նա 3 երեխաների մայր է և 9 թոռների տատ: Նրա կրտսեր որդին՝ Քիմբալը, The Kitchen ռեստորանային ցանցի սեփականատերն է, դուստրը՝ Տոսկան, հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր, իսկ ահա երկրորդ որդին՝ Իլոնը, աշխարհի ամենահայտնի ձեռնարկատերերից է: Թվում է, թե հաջողությունն ինքն իրեն ենթադրվող մի բան է Մեյի ու նրա երեխաների համար, սակայն դեպի հաջողություն ճանապարհը փշոտ է եղել:

 Միանգամից 5 աշխատանք…

Մոդելային կարիերան Մեյը սկսել է 15 տարեկանում, և այդ ժամանակվանից ի վեր չի դադարել աշխատել:

«Ես ստիպված էի լավ սովորել, որպեսզի ապացուցեի, որ հիմար չեմ. Չէ՞ որ շատերը սովորել են հենց այդպես մտածել մոդելների մասին»,- ասում էր Մեյը:

Կարդացեք նաև

Ամենուր Մեյն իր հետ գրքեր էր քարշ տալիս և շարունակ կարդում էր, նույնիսկ հեծանիվ վարելիս:

1989թ. երեխաների հետ  նա Հարավաֆրիկյան Հանրապետությունից տեղափոխվեց Կանադա, Տորոնտո: Մի կերպ ծայրը ծայրին հասցնելու համար Մեյը միաժամանակ 5 աշխատանք էր անում: Նա աշխատանքի տեղավորվեց  Տորոնտոյի Համալսարանում, որպեսզի երեխաներն այնտեղ անվճար հիմունքներով սովորեն, վարում էր մոդելային կուրսեր և առողջ սննդակարգի վերաբերյալ վարպետաց դասեր, ինչպես նաև աշխատում էր՝ որպես սննդաբան: Երեխաները նույնպես պարապ նստած չէին: Տոսկան դպրոցից հետո գումար էր աշխատում խանութում, իսկ Իլոնին մայրն օգնեց աշխատանքի տեղավորվել Microsoft-ում, ուր աշխատում էր նրա գործընկերուհու ամուսինը:

«Առաջին բանը, ինչ մենք արեցինք, երբ ես աշխատավարձ ստացա, գորգ գնելն էր, որպեսզի նստեինք վրան,- պատմում է Մեյ Մասկը,- որևէ կահույք մենք չունեինք: Հաջորդ աշխատավարձին Իլոնի համար համակարգիչ գնեցինք: Այնպես որ, նա հենց գետնին նստած էր համակարգչով զբաղվում»:

Երեխաների դաստիարակության գաղտնիքները…

Մեյն ասում էր, որ իր երեխաներն իրեն գիտեն՝ որպես շատ աշխատող մարդու. նրանք իրենք էլ իրենց տեսակի մեջ աշխատամոլներ են: Նա երբեք իր երեխաների գլխին շատ աշխատելու մասին ճառեր չէր կարդում, սակայն անձնական օրինակով ցույց էր տալիս, թե որքան դժվարին է դեպի հաջողություն ընկած ճանապարհը: Միևնույն ժամանակ՝ Մեյը հավատացնում էր, որ նրանց հաջողությունն ամբողջովին իրենց վաստակն է, և ոչ մի կերպ՝ իրենը. «Ես երբեք չեմ օգնել իմ երեխաներին: Ես չափազանց շատ և ծանր եմ աշխատել: Այնպես որ, ամեն ինչի իրենք ինքնուրույն են հասել»:

1995թ. Իլոնը և Քիմբալը գործարկեցին Zip2 սոֆթվերային ընկերությունը: Մեյը խրախուսում էր իր տղաների՝ հաջողակ ձեռնարկատերեր դառնալու նկրտումները: Յուրաքանչյուր 6 շաբաթը մեկ նա տեսակցում էր իր տղաներին ու օգնում նրանց բիզնեսի հարցերում, այդ թվում՝ բիզնես-պլան կազմելիս, իսկ մի անգամ նույնիսկ նրանց հետ միասին մինչև գիշերվա ժամը 2-ը ներդրողների համար շնորհանդես է արել:

«Մենք այնպես էինք հոգնել այդ օրը, որ երբ հետո գնացինք քաղաքի լավագույն ռեստորաններից մեկը, ես ասացի, որ սա վերջին անգամն է, որ ես վճարում եմ մեր ընթրիքի համար: Եվ իսկապես, այդ օրվանից հետո ես երբևէ նրանց փոխարեն չեմ վճարել»,- հիշում է Մեյ Մասկը:

Մայր-ներդրող…

1996թ. Մասկն իր ողջ խնայողությունները՝ 10.000 դոլար գումարը ներդրեց տղաների ընկերությունը զարգացնելու մեջ, որպեսզի նրանք կարողանային վճարել գրասենյակի վարձակալության գումարը և ձեռք բերեին այլ անհրաժեշտ բաներ: 1999թ., երբ Իլոնն աշխատեց 22 միլիոն դոլար գումար, Մեյը սկսեց կատակել, թե դա իր լավագույն ներդրումն էր:

Մեյ Մասկի երեխաները շատ բաների են հասել: Քիմբալը զարգացնում է ռեստորանային ցանցի 8 ռեստորանները, բացի դրանից, Tesla Motors, SpaceX ընկերությունների և արագ սննդի Chipotle Mexican Grill ցանցի տնօրենների խորհրդի անդամ է: Նա նաև  մի նոր նախագիծ է ներկայացրել «Ուսուցանող այգիներ» Learning Gardens անվամբ: Նախագիծը գործում է ամերիկյան՝ աղքատների համար գործող 200 դպրոցներում, ուր երեխաները կարող են աճեցնել մրգեր և բանջարեղեն ու տանել իրենց հետ տուն:

Դուստրը՝ Տոսկան, ֆիլմ է նկարահանում, որը շուտով կհայտնվի էկրաններին:

Դե, իսկ Իլոնը Մասկը հայտնի է՝ որպես հաջողակ ինժեներ, ձեռնարկատեր, հայտնագործող և ներդրող, միլիարդատեր և SpaceX և X.com ընկերությունների հիմնադիր: Տեխնոլոգիաների աշխարհում հեղափոխություն իրականացնող իր որդու մասին Մեյն ասում է, որ, եթե ինքը գիրք կրծող էր, ապա իր որդին գերազանցել էր իրեն, և, երբ Իլոնին մայրը պատմել է, որ ինքն իրենց դասարանի լավագույն մաթեմատիկա իմացողն էր, որդին ծիծաղել է, քանի որ նա իրենից լավ էր տիրապետում այդ գիտությանը: Աշխարհում ամենից շատ Մեյն ուզում էր, որ իր երեխաները սովորեին համառորեն աշխատել: Չէ՞ որ  նրա կարծիքով՝ հենց աշխատանքն է մարդուն երջանիկ դարձնում ու թույլ չի տալիս ծերանալ: Բացի այդ, նա համոզված էր, որ որքան շատ ես աշխատում, այնքան ավելի հաջողակ ես դառնում:

Երբ Մեյը 50 տարեկան էր, նրա երեխաները դեռ թանկ նվերներ գնելու համար գումար չունեին, անգամ էժանի փող չկար: Դրա փոխարեն՝ նրանք իրենց մորը նվիրեցին փոքրիկ խաղալիք տուն և լուցկու չափով ավտոմեքենա, ու խոստացան, որ մի օր նրա համար մեծ տուն ու իսկական ավտոմեքենա կգնեն: Եվ, իհարկե, նրանք կատարեցին իրենց խոստումը:

Huffington Post-ի այն հարցին, թե ինչ է Իլոնը սովորել իր մորից, Մեյը պատասխանեց, որ հույս ունի՝ որդին իրենից վերցրել է կյանքի նկատմամբ ունեցած իր հայացքները: Նրա խոսքով՝ Իլոնին զբոսանավեր և թանկ բաներ պետք չեն, քանի որ նա ապրել է բարդ տնտեսական պայմաններում: Իլոնի նպատակն էր՝ ֆիզիկայից ունեցած իր գիտելիքներն օգտագործելով՝ աշխարհն ավելի լավը դարձնել: Մարդիկ մտածում են, թե նա շարժվում է շահադիտական մոտիվներով, սակայն դա այդպես չէ:  Ոչ, փողը երբեք նրա համար կարևոր չի եղել: Նա պարզապես տարված է իր գաղափարներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս