«Որևէ կապ չեմ տեսնում ԱՄՆ-ի կողմից ՌԴ նկատմամբ կիրառվող սանկցիաների և Հայաստանի միջև». Ստեփան Գրիգորյան

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ ռուս-հայկական հարաբերություններն ազդում են հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, բայց այս հարցում, ըստ նրա՝ Հայաստանը փորձում է մաքսիմալ չեզոք դիրքորոշում ունենալ, և դա հասկանում են թե՛ ՌԴ-ում, թե՛ ԱՄՆ-ում։

«Ադրբեջանի և ԱՄՆ-ի  միջև էլ խնդիրներ կան, հատկապես՝ կապված մարդու իրավունքների հետ, բայց բիզնեսում ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունները քիչ թե շատ նորմալ են, և դժվար թե ԱՄՆ-ը լուրջ սանկցիաներ կիրառի Ալիևի ռեժիմի դեմ։ Ադրբեջանը կշարունակի զենքի մեծ մասը գնել ՌԴ-ից, քանի որ Ադրբեջանի գրեթե բոլոր ենթակառուցվածքները հիմնված են ռուսական զինամթերքի վրա»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց փորձագետը։

Քննարկման մասնակից Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գորիգորյանն ասաց, որ Թրամփի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականությունը սկսել է հստակեցվել. «Մեկ տարվա ընթացքում մենք տեսնում էինք նրա առանձին քայլերը, հիմա կարծես թե կոնցեպտը պատկերվում է։ Պատժամիջոցներ կան, և դրանք հաստատված են օրենքով, որն ընդունվեց նախորդ տարի Կոնգրեսի կողմից, և անկախ Թրամփի ցանկությունից՝ այդ մեքենան աշխատելու է։ Այդ պատժամիջոցները կապված են ոչ միայն Ուկրաինայի հետ, այլ գնում է զենքի շուկայի համար պայքար, քանի որ նրանք անհանգստացած են, որ Ռուսաստանը մտել է բոլոր այն շուկաներ, որտեղ նախկինում չի եղել։ Իհարկե, մենք պետք է հետևենք, մեզ համար ինչ-որ սպառնալիքներ կան, բայց այն գնումները, որ կատարում ենք ՌԴ-ից, այդքան էլ մեծ չեն, որ մեծ անհանգստություն առաջացնեն»։

Գրիգորյանը չի տեսնում որևէ կապ այդ սանկցիաների և Հայաստանի միջև. «Այո, մենք պետք է մտածենք, թե ինչպես դրանք կանդրադառնան մեր և ՌԴ-ի, և այլ երկրների հետ հարաբերությունների վրա։ Բայց մյուս կողմից՝ մենք ու Ռուսաստանը Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր ունենք, որն անօրինական համագործակցություն չէ, և չեմ կարծում, որ այդ  մասին ԱՄՆ-ում չգիտեն, դա բաց համագործակցություն է։ Մենք համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և փորձում ենք կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ Դրա համար, չեմ կարծում, թե դա սուպերակտուալ հարց է ։ Իհարկե, երբ աշխարհի խոշոր խաղացողների միջև նման բարդ հարաբերություններ են, պարզ է, որ փոքր խաղացողների համար դժվար է ընտրություն կատարել։

Բայց Թրամփի ադմինիստրացիայի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ ես չէի կապի Հայաստանի հետ, եթե անգամ մենք ունենք առևտուր։ Հայաստանը ՌԴ-ից այն ծավալների զենք չի գնում, որ դա ուշադրություն գրավի։ Եթե համեմատենք մեր ծավալներն այն ծավալների հետ, որով զենք է գնում Ադրբեջանը, ապա այն մի քանի անգամ ավելի է։ Դրա համար, սանկցիաներն ի՞նչ կապ պետք է ունենան Հայաստանի հետ»։

Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց, որ, երբ Իրանը կոշտ պատժամիջոցների տակ էր, Հայաստանը պաշտոնապես համագործակցում էր նրա հետ. «Այդ թվում՝ այն նուրբ ոլորտում, որն էներգետիկան է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728