«Արմեն Սարգսյանը սյուրպրիզ էր, ՀՀԿ-ն չգիտեր դրա մասին». Արամ Մանուկյան

«Խորհրդարանում Արմեն Սարգսյանին առաջարկում են, մի հոգի չի ասում՝ բա, մեր կուսակցությունից չի. ՀՀԿ-ն խելոք, միաձայն, առանց որևէ ըմբոստ ձայն հանելու, առանց որևէ քննարկման, այլընտրանքի առաջարկի՝ քվեարկում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ մեր երկրի դժբախտությունն այսօր այն է, որ մեկի կամքը դարձել է բոլոր մնացած համակերպվողների համար օրենք. «Եվ եթե Սերժ Սարգսյանն այսօր ամբողջ այդ համակարգը տեղավորում է իր տակ, լավ է անում, ո՞վ է դեմն առնում, ո՞վ է այլընտրանք ներկայացնում, ո՞վ է այն ըմբոստը, որ կանգնում է, ասում է՝ մի արեք այսպիսի բան, դրա արդյունքում տեղի է ունենում արտագաղթ»:

Ա. Մանուկյանը նկատեց, որ այսօր Հայաստանը պետք է եռար նախագահական ընտրությունների բովի մեջ. «Ոչնչացրեցին, ՀՀԿ-ի լուռումունջ համաձայնությամբ՝ Հայաստանը զրկվեց նախագահ ընտրելու իրավունքից: Էսօր բոլորս պետք է քննարկեինք ծրագրերը: Արմեն Սարգսյանը եկել է, Հայաստանում մեկի միմիկան չի շարժվել, մեկի մոտ քննարկումների ցանկություն չի առաջացել, քաղաքական, քաղաքացիական կարծիքների բախում տեղի չի ունեցել, և նա կոչվելու է նախագա՞հ: Արմեն Սարգսյանը սյուրպրիզ էր, ՀՀԿ-ն չգիտեր դրա մասին, ՀՀԿ-ն եթե լիներ քաղաքական ուժ, ինքը պետք է առաջադրեր, իսկ հիմա ինքը խանդով է վերաբերվում և ինքն այդ թեկնածուի տերը չէ, չկա նման կուսակցություն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս