«Իլհամ Ալիևը միանգամից մի քանի խնդիր է լուծում». Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արտահերթ ընտրություններ անցկացնելով, միանգամից մի քանի խնդիր է լուծում: Ալիևը դա անում է առաջին հերթին ընտրություններից առաջ քաղաքական և տնտեսական խնդիրներից խուսափելու համար:
«Ալիևն առաջին հերթին ներքին քաղաքական հակասություններն է լուծում, որոնք Ադրբեջանում սովորաբար աննկատ են մնում հասարակության աչքերից: Դա միայն երևում է Ադրբեջանի իշխանությունների կողմից բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնանկ անելով: Փաշաևների ընտանիքը, որոնք նախկինում տնտեսական ոլորտում էին իշխում, ներկայումս քաղաքական դաշտում են ակտիվանում: Այսպիսով, ներքին խմորումներից խուսափելու համար Ալիևը ցանկանում է շուտ անցնել ընտրությունների փուլը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Իսկանդարյանը:
Քաղաքագետի կարծիքով` Ալիևը, ընտրություններ շուտ անցկացնելով, խուսափում է նաև ընտրությունից առաջ հասարակությունում սոցիալ-տնտեսական դժգոհություններից, որոնք, հնարավոր է, հասունանան նավթի գների անկմամբ:
«Բացի այդ, Ալիևի կողմից որոշում կայացնելու «սխեմա»-ն դեգրադացվում է: Դա հաճախ լինում է իշխանությունում երկար մնացող առաջնորդների մոտ, իսկ հայր և որդի Ալիևները արդեն կես դար իշխում են Ադրբեջանում»,- ասաց Իսկանդարյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու» վերաբերյալ հայտարարությունները, քաղաքագետի համար պարզ են և հասկանալի:
«Ի վերջո, ընտրություններ են մոտենում, պետք է ինչ-որ ձևով ուժ ցույց տալ: Ադրբեջանի քաղաքական էլիտան կարծում է, որ ներքին լսարանը կլանելու է այդ հայտարարությունները: Ընդհանրապես` Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի քաղաքական էլիտան օգտագործում է շատ վաղուց: Դա կարելի է ասել ադրբեջանական իշխանության հիմնական քարն է, որի վրա միավորում է հասարակությունը»,- ասաց Իսկանդարյանը: