
«Երջանիկ եմ «Ռեալում» և ուզում եմ շարունակել աշխատանքը թիմի հետ». Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գնահատել է թիմի ելույթներն ընթացիկ մրցաշրջանում, ինչպես նաև կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում ՊՍԺ-ի հետ կայանալիք խաղի սպասումներով:
«Երբ դուք գլխավորում եք այնպիսի ակումբ, ինչպիսին «Ռեալն» է, քննադատությունն անխուսափելի է: Ես երջանիկ եմ այստեղ և ուզում եմ շարունակել աշխատանքը թիմի հետ: Այս մրցաշրջանն այդքան էլ լավ չի դասավորվում մեզ համար, ինչպես նախորդները, և ես պատասխանատվություն եմ կրում դրա համար: Պետք է շարունակել աշխատել և հաղթել:
ՊՍԺ-ն առաջընթաց է ունենում յուրաքանչյուր տարի, և մեզ հեշտ չի լինի: Էմերին հիասքանչ մասնագետ է, կարծում եմ՝ նա լավ է գլուխ հանում իր աշխատանքից: Փարիզեցիների արդյունքները խոսում են իրենք իրենց մասին»,- Զիդանին է մեջբերում RTL France-ը: «Ռեալը» և ՊՍԺ-ն կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: Առաջին խաղը տեղի կունենա Մադրիդում, փետրվարի 14-ին: Պատասխան խաղը կանցկացվի մարտի 6-ին, Փարիզում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը