Բաժիններ՝

Շիրակն օրգանական ելակ արտահանող մարզ է լինելու. առաջին բերքը սպասվում է առաջիկա 2 շաբաթների ընթացքում

Այսուհետ, բացի հացահատիկից և կարտոֆիլից, Շիրակի մարզից նաև ելակ է արտահանվելու: Արթիկի տարածաշրջանում մոտ 3 հա տարածքի վրա «Green Food» ՍՊԸ-ին պատկանող՝ ֆրանսիական կոնստրուկցիաներով նորահիմն ջերմոցում աճեցվում է անգլիական «Ալպիոն» տեսակի ելակ:

Կաթիլային եղանակով՝ ժամանակակից վերջին տեխնոլոգիաներով գործող ջերմոցում աճեցված ելակը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ անգլիական տեսակը ներկրված է Հոլանդիայից, հողին փոխարինում է Շրի Լանկայից ներմուծված կոկոպիտը՝ կոկոսի մազիկները, այլև Շվեյցարիայից ներմուծվել են մեղուներ՝ բնական միջավայր ստեղծելու նպատակով՝ խուսափելով քիմիական նյութերի օգտագործումից:

Կարդացեք նաև

Այսպիսով՝ ստացվում է բիոլոգիական մաքուր ելակ:

Տեղականը միայն ջուրը, արևն ու աշխատուժն է՝ կատակում են աշխատակիցները: Նման եղանակով մեծ է նաև բերքի արդյունավետությունը՝ մոտ 5 անգամ:
Վերջերս Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ջերմոցում ծանոթացավ իրականացվող աշխատանքներին՝ նշելով, որ սա մարզում ավանդականից դեպի ինտենսիվ գյուղատնտեսության անցման լավագույն օրինակն է:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ներդրողներին այս համարձակ ու հիանալի ձեռնարկի համար: Սա առաջին օրինակն է, կատարվել է մեծ ներդրում՝ սածիլները, սարքավորումները, նույնիսկ մեղուներն են դրսից բերված։ Այս օրինակը շատ ոգևորիչ է, սրանով ցույց ենք տալիս, որ կարելի է փոխել այն կարծրատիպը, թե Շիրակի մարզը միայն ցորենի, գարու ու կարտոֆիլի մարզ է, այսուհետ մարզը նաև օրգանական ելակ արտահանող մարզ է լինելու: Սրանով գյուղատնտեսությունը ոչ միայն գոյության աղբյուր է համարվում, այլ բավականաչափ բարեկեցիկ կյանքի միջոց:

Իմ նպատակն այն է, որ Շիրակի մարզի մասին խոսելով՝ չհասկանանք միայն ցորեն ու կարտոֆիլ, այլև անցնենք բարձրարժեք գյուղատնտեսության»,- նշեց Շիրակի մարզպետը:

«Green food» ՍՊԸ ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ սա ընկերության առաջին նախագիծն է, սակայն գործունեությունն ընդլայնելու ցանկություն կա, իսկ թե ինչպես՝ ցույց կտա առաջին բերքահավաքը և վաճառքի քանակը:

«Բերքի սպասում ենք առաջիկա 2 շաբաթների ընթացքում: Տեղում սպառում իրականացվելու է բերքի մոտ մեկ երրորդի, հիմնականում արտահանումը կլինի արտերկիր, մեծ քանակությամբ՝ ՌԴ»,- նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ ելակի ընտրությունը պատահական չէ, քանի որ տարածքի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով՝ ելակի բերքի ակնկալիքները մեծ են»,- ասաց Անդրանիկ Իգնատոսյանը:

Հավելենք, որ ջերմոցն ունի 11 աշխատակից, իսկ առաջիկայում աշխատողների թիվն ավելանալու է:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս