Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հեռանում է Ստամբուլից. նա հրաժեշտի նամակ է հրապարակել
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ում թուրքական իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին ճանաչել որպես Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Թուրքիայից հեռանալուց առաջ հրաժեշտի նամակ է հրապարակել: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Նամակում Բեքչյանը հիշեցրել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին Հոգևոր խորհրդի որոշմամբ, հաշվի առնելով պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակը, պատրիարքական աթոռը «թափուր» էր հայտարարվել և Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության հարցը կրկին հայտնվել էր օրակարգում: Նա նշել է, որ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրավերով պատրիարքական տեղապահի ընտրություններին մասնակցելու նպատակով ժամանել էր Ստամբուլ, որտեղ 2017 թվականի մարտի 15-ին 23 կողմ և 11 դեմ ձայնով ընտրվել էր տեղապահի պաշտոնում:
«Ավելի քան 50 տարի արտերկրում ծառայության լինելուց հետո Թուրքիա գալուս պատճառը 9 տարի շարունակվող անցումային շրջանին վերջ տալն էր: Կարծում էի, որ այս հարցում բավական կլիներ շարժվել հավատով և խղճով, որպեսզի մեր եկեղեցին ու ժողովուրդը պատրիարքի ընտրության գործում հաջողության հասներ: Միայն հիմա եմ հասկանում, թե որքան եմ սխալվել»,- նամակում նշել է Բեքչյանը:
Նա պատմել է, որ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ապշեցնող իրականության հետ է առերեսվել: «Դրանցից ամենակարևորն այն էր, որ արդեն առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ ընտրական գործընթացը հնարավոր չի լինելու առաջ տանել թափանցիկ, արդար ընտրական կանոններով: Անհրաժեշտ չեմ համարում թվարկել դրանց բոլոր օրինակները: Այդ ցավալի և վշտացնող օրինակները ոչ ցանկանում եմ հիշել, ոչ էլ հիշեցնել»,- ասել է Սրբազանը:
Որպես մեկ այլ տխրեցնող փաստ, որին նա առերեսվել է, Բեքչյանը նշել է, որ զգալիորեն նվազել են համայնքում այն հոգևորականների ու աշխարհիկ անձանց թիվը, ովքեր մեծ կամքի տեր են, շատ լավ գիտեն մեր պատմության ու համայնքի արժեքները:
«Վերջին իրադարձությունները մեկ օրվա հետևանք չեն: Ինչ ափսոս, որ այս գործընթացը, որի թիրախում կարծես հայտնվել էի ես, նպատակ ուներ սաբոտաժի ենթարկել 85-րդ պատրիարքի ընտրությունները, սա երկարատև և ծրագրված արշավի արդյունք էր, որը սկսվեց տեղապահ ընտրվելուս առաջին իսկ օրվանից: Կրկին գործի դրվեցին տխրեցնող, ցավեցնող ինտրիգներ: Այս մութ արշավները շատ տգեղ չափերի հասան: Վախենում եմ, որ այս ամենն ավելի կմասնատի մեր համայնքը»,- ասել է Բեքչյանը:
Մյուս կողմից նա հույս է հայտնել, որ կատարվածը համայնքի համար ուսանելի կլինի:
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նշել է, որ մասնավորապես Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված գրությունից հետո ստիպված է հեռանալ Ստամբուլից՝ ընդգծելով, որ էությամբ կոնֆլիկտային մարդ չէ:
«Մեր կրոնը խոնարհություն և համբերատարություն քարոզելուց զատ սիրո և խաղաղության կրոն է: Իմ ներկայությունը չպետք է որևէ կերպ ավելի շատ վնաս հասցնի առանց այդ էլ մեծ վնասներ կրած հայ համայնքին»,- նամակում ասել է Սրբազանը՝ ընդգծելով, որ ղեկավարներն ու համայնքն ապագային առնչվող քայլերը պետք է կարողանան անել առանց իր ներկայության:
«Որոշում եմ կայացրել հեռանալ երկրից՝ գալիք շրջանում նոր ծառայության անցնելու նպատակով, աղոթելով երկար ժամանակ հիվանդության մեջ գտնվող Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան եղբորս, նրա թանկագին մոր՝ Մարի Մութաֆյանի և ձեր՝ իմ սիրելի հոգևոր եղբայրների համար»,- ասել է Բեքչյանը՝ նամակի վերջում հորդորելով երբեք չկորցնել հավատն ու հույսը: