Սահակաշվիլին հրապարակել է Կիևում իր ձերբակալման տեսագրությունը
«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին, որին փետրվարի 12-ին Ուկրաինայից արտաքսել են Լեհաստան, փետրվարի լույս 13-ի գիշերը հրապարակել է Կիեւում իր ձերբակալման տեսահոլովակը։
Ռեստորանի, որտեղ գտնվում էր Սահակաշվիլին, տեսահսկման խցիկների կադրերից երեւում է, թե ինչպես են հաստատություն ներխուժում կամուֆլյաժով շուրջ մեկուկես տասնյակ մարդիկ: Նրանք քաղաքական գործչին տապալում են հատակին, ինչից հետո նրան ուժով դուրս են բերում: Facebook-ում Սահակաշվիլին գրել է, որ իրեն ծեծել են, փակել բերանն ու աչքերը, բերանքսիվայր պահել ավտոբուսի եւ ուղղաթիռի հատակին Կիեւի օդանավակայան տանող ճանապարհին, ինչպես նաեւ սպառնացել են զենքով: Քաղաքական գործիչն իր հետ պատահածը համարում է առեւանգում:
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հավաստել է նրա ժամանումը Վարշավա: Սահակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքի մոտ: Ավելի վաղ նրանց եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի են ունեցել ընդհարումներ, մեկ մարդու ձերբակալել են: Ժամանելով Լեհաստան՝ Սահակաշվիլին ZIK հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա «օրինական ճանապարհով», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: