Անհրաժեշտ է գոնե տարին երկու անգամ գրեյդերով Գյումրու երկրորդական փողոցները հարթեցնել
Փետրվարի 12-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մի շարք փողոցների հիմնանորոգման ծրագրեր:
Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին բոլոր այն կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն Գյումրու Շիրազի և դրան հարակից փողոցների վերակառուցման աշխատանքներին:
Հիմնականում քննարկումն առնչվում էր Գյումրու «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Հովհաննես Շիրազի և դրան հարող փողոցների վերակառուցմանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց Հ.Շիրազի փողոցում հողային աշխատանքների մեկնարկի ժամանակացույցի, ենթակառույցների անելիքների և մի շարք այլ հարցերի մասին: Բարձրացված յուրաքանչյուր հարց, ըստ ոլորտային աշխատանքի, տեղում քննարկվեց, անհրաժեշտության դեպքում լուծումներ առաջարկվեցին, պատասխանատուները ստանձնեցին պարտավորություններ՝ աշխատանքների բնականոն ընթացք ապահովելու նպատակով:
Նշենք, որ Գյումրիում երկրորդական փողոցների հիմնանորոգման ծրագիր մինչ այժմ չի իրականացվել: Մեծամասամբ դրանք խայտառակ վիճակում են գտնվում, սակայն Գյումրու բյուջեի միջոցներով իրականացնել այդ ծրագիրն անհնար է, լավագույն դեպքում հնարավոր է բավարարվել փոսային նորոգումներով, բայց դա էլ հիմնախնդրի վերջնական լուծում չէ, ուստի անհրաժեշտ է ասֆալտապատման աշխատանքների իրականացում: Այդ նպատակով Գյումրին սպասում է 23 միլիոն եվրո վարկի տրամադրմանը:
Անհրաժեշտ է գոնե տարին երկու անգամ գրեյդերով Գյումրու երկրորդական փողոցները հարթեցնել՝ փողոցներից հեռացնելով նաև ավելորդ ցեխն ու ավազը: Սակայն Գյումրու քաղաքապետարանը նման աշխատանքներ չի իրականացնում:
Նշենք, որ ըստ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության տվյալների, Գյումրու փողոցների հիմնանորոգման համար 100 մլն դոլար է անհրաժեշտ:
Անահիտ Սիմոնյան