«Դա կոոպերատիվ կառավարություն է». Մանվել Սարգսյանը՝ Անվտանգության խորհրդի մասին

«Շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե որտեղից է նման գաղափար ծնվել՝ Անվտանգության խորհրդում ԱԺ նախագահին և հանրապետության նախագահին չընդգրկել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այս օրերին Ազգային ժողովում քննարկվում էր Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրենքի նախագիծը, որով ՀՀ նախագահը և ԱԺ նախագահը չեն լինելու խորհրդի անդամները: Ըստ նախագծի՝ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, ՀՀ առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Մ. Սարգսյանի համար հասկանալի է, թե սա ինչու է արվում: Ըստ մեր զրուցակցի՝ Սերժ Սարգսյանը կոոպերատիվ հիմնարկ է ստեղծում, որտեղ իրենք ընկերներով հավաքվում են՝ ազգի հարցերը որոշեն:

«Դա շատ խորը մտածված բան է ու շատ վտանգավոր է: Հայտարարված է, որ սա խորհրդարանական հանրապետություն է, խորհրդարանը երկրի բարձրագույն մարմինն է, ու թույլ չեն տալիս վարչապետից բարձր պաշտոնյան՝ խորհրդարանի խոսնակը, գա այդ նիստին: Դրանով ամեն ինչ ասված է»,- նշեց մեր զրուցակիցը:

Նկատենք, որ այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասել էր, որ ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում կառավարության նկատմամբ և չի կարող նրա գործունեության մասը կազմել:

«Ինչեր ասես՝ կասեն: Անվտանգության խորհուրդն ամբողջ աշխարհում բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին հավաքող խորհրդատվական մարմին է, բայց այստեղ ստեղծվում է ոչ թե՝ խորհրդատվական, այլ՝ որոշումներ ընդունող մարմին, որտեղ որոշումներ են կայացնում՝ տեղյակ չպահելով որևէ մեկին:

Եթե խորհրդատվական մարմին լիներ, կասեինք՝ ոչինչ, բայց գործառույթներ են փոխվել: Դա կոոպերատիվ կառավարություն է»,- կարծում է Մ. Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս