«Ես պնդում արեցի, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու, և դա չհերքվեց». Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ ըստ օրենքի նախագծի՝ ՀՀ վարչապետը դատապարտյալին ներում շնորհելու առաջարկությամբ պետք է դիմի ՀՀ նախագահին: Նախագահը կարող է առարկություն ներկայացնել, բայց վարչապետն էլ իրավունք ունի շրջանցել նախագահի առարկությունը: Փոխնախարարի խոսքով՝ այդ դեպքում գործը գնում է Սահմանադրական դատարան:
Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երեկ ես պնդում արեցի, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու, և դա չհերքվեց»:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ իրենք խմբակցությունում քննարկել են, գտնում են՝ այս օրենքի նախագիծը սահմանադրականության հետ խնդիրներ ունի, և որոշել են, որ կքվեարկեն ազատ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ ներում շնորհելու որոշումը Սահմանադրությամբ տրված է նախագահին, բայց այս օրենքով իմաստազրկվում է այդ ինստիտուտը, դրա համար «Ելքը» դեմ է քվեարկելու: