Ուղեցույցներ՝ արտահանողների համար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնտեսվարողների համար մշակել է ուղեցույցներ, որոնք պարունակում են արդիական և համապարփակ տեղեկատվություն արտահանման հետաքրքրություն ներկայացող շուկայի, ներմուծման կարգավորման, պայմանագրային հարաբերությունների, առկա սահմանափակումների և առանձնահատկությունների վերաբերյալ՝ սեփական արտադրանքը և արտադրական գործընթացն արտաքին շուկաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախնական վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է 5 թիրախային շուկա՝  Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն և Կատար։

Թիրախային շուկաների ամփոփ տեղեկագրերում կարող եք գտնել տեղեկատվություն ուսումնասիրվող երկրի ներկրման կառուցվածքի, մաքսային սակագների, մաքսային և հարկային օրենսդրության, արգելված կամ սահմանափակման ենթակա ապրանքների վերաբերյալ:

Թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության առումով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվող աշխատանքը լինելու է շարունակական: 2018 թվականի ընթացքում նախատեսվում  է ևս 7 շուկայի մասով  ներմուծման ընթացակարգերի ամփոփ տեղեկագրերի մշակում:

Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության և Կատարի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նախարարության կայքէջում, հետևյալ հղումով՝ Հուշաթերթ արտահանողի համար»։

Տեսանյութեր

Լրահոս