«Կառավարության ներկայացուցիչները մոռացել են, որ ապրում են 21-րդ դարում». Արարատ Զուրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Իշխանության գերկենտրոնացում. ինչո՞ւ է ՀՀ-ում ստեղծվում «սուպերվարչապետական» համակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ իշխանության գերկենտրոնացումը նորություն չէ.

«Մենք միշտ էլ ապրել ենք գերկենտրոնացված համակարգի շրջանակներում, և առանձնակի մեծ փոփոխություն տեղի չի ունենում։ Այստեղ գործող ինստիտուտներն ամեն ինչ փորձելու են անել, որպեսզի իշխանության ղեկն ինչպես կենտրոնացված էր, այդպես էլ մնա»։

Ինչ վերաբերում է կառավարության նիստերը փակ անցկացնելուն, նա ասաց. «Կարծում եմ, որ կառավարության ներկայացուցիչները մոռացել են, որ ապրում են 21-րդ դարում, երբ ամեն ինչ գնում է նրան, որ լինի թափանցիկ, և նիստերը փակ անցկացնելը որևէ մեկի կողմից ողջունելի չի կարող լինել»։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հ/կ նախագահ Թևան Պողոսյանն ասաց, որ կառավարությունը գիտի՝ ինչ պատրաստի, ԱԺ-ում անցնում է, որովհետև ԱԺ-ում որևէ խնդիր չկա մեծամասնությամբ անցկացնելու, և կարիք չկա որևէ հարցի շուրջ բանակցելու.

«Պառլամենտական համակարգի հետ եկեք չխառնենք այն, թե ինչ է ստացվել  արդյունքում։ Կառավարությունը թող փակ նիստ անցկացնի, թափանցիկությունը կմնա ԱԺ-ի վրա, պետք չէ դրանից թևաթափ լինել, այլ պետք է ուղիներ գտնել, թե ոնց ենք անելու։ Նոր մշակույթ ենք ձևավորելու, ինչն անսովոր է։ Ցանկացած իրավիճակում, երբ կառավարությունը հասկանում է, որ կարող է իր համար հարմարավետ մոտեցում ձևավորել, անում է դա։ Հիմա օգտագործում են Անգլիայի և Գերմանիայի փորձը, հետո ուրիշինը կօգտագործեն։ Վատն այն է, որ հայկական փորձ չունենք։ Այն մարդը, որ վարչապետ է, գալու է ԱԺ՝ հարցերին պատասխանելու, և կոնկրետ անձի համար են հարմարեցնում։ ԱԺ-ն ինքը պետք է ստանձնի թափանցիկություն ապահովողի դերը»։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր  Արարատ Միրզոյանը համամիտ չէր հնչած կարծիքների հետ.

«Երբ ասում եք՝ գերկենտրոնացված կար, այդպես էլ մնալու է, համամիտ չեմ․ նախկինում գոնե ինստիտուցիոնալ հնարավորություն կար, որ վարչապետը թիմ հավաքեր և ուժեղ խաղացող լիներ համակարգի ներսում, հիմա ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի՝ Սերժ Սարգսյանի շուրջ։ Սա խորհրդարանական համակարգ չէ, խորհրդարանական անունով՝ մեկ մարդու իշխանություն է ձևավորվում»։

Իսկ կառավարության դռնփակ նիստերի մասով էլ նա հակադարձեց Թևան Պողոսյանին. «ԱԺ-ն թափանցիկություն է ապահովում իր մասով, ԱԺ-ն չի կարող ապահովել կառավարության նիստերի թափանցիկությունը։ Եթե այդ օրենքն անցնի, նախարարներին արգելվելու է կարծիք հայտնել նիստի ժամանակ քննարկված որևէ հարցի շուրջ։ Սա Սերժ Սարգսյանի մենիշխանությունն է, ընդ որում՝ շատ ավելի լայն մենիշխանություն, քան նախկինում ունեցել են նախագահները։ Մի այլ նախագծով՝ 4 ուժային կառույց դուրս է բերվում կառավարության, խորհրդարանի և հասարակության վերահսկողությունից և ենթարկվելու են վարչապետին՝ Սերժ Սարգսյանին։ Այդ մարդիկ խորհրդարան չեն գալու, հաշվետվություն չեն ներկայացնելու, դուրս են լինելու քննադատություններից։ Ոչ մի պատրանք պետք չէ ունենալ՝ քաղաքական մշակույթի բարեփոխումների վերաբերյալ»։

Տեսանյութեր

Լրահոս