
ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է «Մեդիալաբի» խմբագրին ուղղված սպառնալիքները

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը դատապարտում է «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագրին ուղղված սպառանալիքները: Դեսպանատան «Թվիթերի» էջում տեղադրված հայտարարությունում նշվում է․ «Լրատվամիջոցների դեմ հարձակումները, օրինակ՝ վերջերս «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսևորումներ են ժողովրդավարության համար կենսական մամուլի ազատության դեմ»:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Մեդիալաբի» խմբագիր և տնօրեն Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքներ էին հնչեցվել:
Այդ սպառնալիքների առնչությամբ հաղորդում էր ներկայացվել Գլխավոր դատախազություն, որտեղից տեղեկացրել էին, թե «Մեդիալաբ» կայքի խմբագրի նկատմամբ սոցիալական կայքերում հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: