««Ելք» դաշինքն առաջարկում է գնել նոր կով». Արամ Սարգսյան

«Կառավարության ղեկավարն ԱԺ-ում ասաց, որ տնտեսության մեջ 4 տոկոս թանկացումը օգուտ է տնտեսությանը։ Այսինքն՝ ասում է՝ ժողովուրդ ջան, էս թանկացումներն անում ենք քո համար, որովհետև քեզ դա շատ է պետք, ու եթե ուրիշ երկրներում 10 տոկոս է, մեզ մոտ 2 տոկոս է, այնպես որ, մեր նկարները տարեք՝ փակցրեք ձեր տան պատին, տակը մոմ վառեք, շնորհակալ եղեք, թե ինչքան իմաստուն իշխանություն ունեք դուք։ Ու մեզ հիմնականում մեղադրում են նրանում, որ մենք, ընդդիմություն լինելով, մերժում ենք այդ ամենը»,- այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում «Ելք» դաշինքի հրավիրած հանրահավաք-երթի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ խնդիրը միայն թանկացումները չեն,  այս թանկացումներով մեր կյանքը ծանր դարձնելը չէ. «Խնդիրը շատ ավելի գլոբալ է, վերաբերում է ՀՀ տնտեսությանը, տնտեսության կայունությանը, տնտեսության ողջ մնալուն։ Ցանկացած երկիր իր բյուջեում ունի մուտքային մաս, որը հավաքագրվում է իր քաղաքացիների մուծած հարկերից, ու երբ այդ մուծված հարկերը չեն հերիքում պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար, նա պարտքեր է վերցնում։ Հետո գալիս է մի ժամանակ, որ պետք է պարտքերը վերադարձնի, բայց վերադարձնելու լրացուցիչ փող չունի, նորից դիմում է պարտք տվող կազմակերպություններին։ Այսինքն՝ այդ պետությունը սկսում է նստել պարտքի ասեղի վրա։

Պարտք տվող կազմակերպությունն էլ ասում է՝ այսպես չի լինի, նայում եմ քո բյուջեին, ավելորդ ծախսեր ունես, երկրորդ՝ քո երկրում 50 տոկոս ստվեր կա, կոռուպցիա կա, գնա՝ վերացրու։ Ասում է՝ որպեսզի քեզ նորից պարտք տամ՝ պետք է թոշակներն ու աշխատավարձերը չավելացնես, գները բարձրացնես, որ բյուջեիդ թվերն ավելանան, և քեզ նորից պարտք տամ։ Սա ընդունված կարգ է ամբողջ աշխարհում, բայց եթե եվրոպական երկրների համար այս տարբերակն աշխատում է, ապա մեզ մոտ չի կարող աշխատել, որովհետև մենք փակ սահմաններում ենք ապրում, 5-7 տոկոս տնտեսական աճով դեռ 30 տարի Հայաստանում ո՛չ աղքատության ցուցանիշը կիջնի, ո՛չ գործազրկության»։

Նրա խոսքով՝ իշխանությունները ժողովրդից կովի նման անընդհատ կաթ են ուզում. «Բայց եթե շատ կաթ քամես, մի օր այդ կովը կսատկի։ «Ելք» դաշինքն առաջարկում է գնել նոր կով, բյուջեի մուտքերն ավելացնել դրանով։ Պետք է այնպիսի լուծում առաջարկենք, որ անգամ իրենք համաձայնեն։ Այդ լուծումներից առաջինը գիտելիքն է, ՏՏ ոլորտը, որը սահմաններ չի ճանաչում։ Երկրորդ՝ հանքարդյունաբերությունը պետք է զարգացնել»։

Տեսանյութեր

Լրահոս