«Ինչքան եվրոպացի ներդրողները ճանաչեն Հայաստանը, այնքան ավելի հեշտ ներդրումներ կանեն». Եվրոպալատի խորհրդի անդամ
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) փոխնախագահ Հարություն Հայրապետյանն անցած տարեվերջին ընտրվել է Եվրոպալատի խորհրդի անդամ, որի արդյունքում Հայաստանը՝ ի դեմս ՀՀ ԱԱՊ-ի, դարձել է Եվրոպալատի խորհրդի փոխկապակցված և թղթակից անդամ 4 երկրներից մեկը։ Եվրոպալատի խորհրդի անդամները, բացի նախագահից և փոխնախագահներից, ընտրվում են 1 տարի ժամկետով՝ վերընտրման իրավունքով: Անցած ժամանակաշրջանում Հարություն Հայրապետյանը նոր կարգավիճակում տարբեր հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ։
Ի՞նչ կտա Հայաստանին Եվրոպալատի խորհրդի անդամ լինելը։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք Հարություն Հայրապետյանի հետ։
– Պարոն Հայրապետյան, ԵՊ Խորհրդի անդամ դառնալն ի՞նչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։
– Սա հնարավորություն է տալիս ավելի սերտ համագործակցել Եվրոարդյունաբերական պալատի հետ, որի արդյունքում ծրագրերին մենք ավելի շատ տեղեկացված ենք լինում, նաև մասնակից ենք լինում որոշումներ կայացնելուն, այսինքն՝ ձայնի իրավունք ունենք։ Տնօրենների խորհուրդը 1-2 ամիսը մեկ հավաքվում է և քննարկում է, թե որ նախագծի վրա ավելի շատ ուշադրություն դարձնեն։
Մեր անդամակցությունը կտա այն, որ մենք ի սկզբանե տեղյակ կլինենք, թե որ նախագծերի մասին է խոսքը գնում, և կկարողանանք նախապատրաստվել դրանց։ Մինչ այս մենք վերջին փուլում էինք իմանում նախագծի մասին և չէինք հասցնում նախապատրաստվել, մասնակցել և նախագիծը բերել Հայաստան։ Հիմա, ի սկզբանե մասնակցելով, տեղեկանալով, նախապատրաստական աշխատանքներ կատարելով, ավելի արդյունավետ կլինի և 1-2 նախագիծ Հայաստան կբերենք, ինչի մասին արդեն նախնական խոսվել է։ Դրա արդյունքում մեզ համար դրական զարգացումներ կլինեն, առաջին հերթին` Եվրոպան մեր մասին կիմանա, երկրորդ` հայաստանյան ձեռնարկությունները լրացուցիչ հնարավորություն կունենան եվրոպական ձեռնարկությունների հետ շփվելու և իրենց փորձը փոխանակելու:
– Ի՞նչ կարգի նախագծերի մասին է խոսքը:
– Տարածաշրջանային և Եվրոպայի հետ համատեղ ծրագրեր են հիմնականում:
– Եվրոպայում ձեր շփումներից ելնելով` կարո՞ղ եք ասել, թե ինչպիսին է այնտեղ տրամադրվածությունը Հայաստանի նկատմամբ:
– Արդեն շատ լավ, որովհետև մինչ այժմ Հայաստանն այդ գործընթացներին ակտիվ չէր մասնակցում, այժմ, երբ արդեն մասնակցում ենք գործընթացին, իրենք շատ ուրախ են, որ լսում են նոր ձայն, որովհետև Հայաստանի տեսակետը մի քիչ տարբերվում է եվրոպական երկրների տեսակետից, և իրենց համար հետաքրքիր է դա լսել և օգտագործել նոր նախագծերի մեջ։ Ինչպես նաև այս տարի ապրիլին 60-ամյակն է նշվելու Բրյուսելում ԵՄ առևտրաարդյունաբերական պալատի, և նախատեսում ենք, որ ՀՀ ԱԱՊ նախագահն ու մի քանի ներկայացուցիչներ կմասնակցեն։ Դա շատ ուրախալի է, որ Հայաստանն արդեն ակտիվ է մասնակցում Եվրաարդյունաբերական պալատի գործերին:
– Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում իր բոլոր հանդիպումներում կոչ էր անում ներդրումներ իրականացնել Հայաստանում: Եվրոպալատի աջակցությամբ մինչ օրս որքա՞ն ներդրում է իրականացվել, և այսուհետ ներդրումներ ներգրավելու ի՞նչ հնարավորություններ կան:
– Մինչ օրս ներդրումներ ներգրավելու հնարավորությունները մեծ չեն եղել, համագործակցության 1-2 փոքր ծրագիր է եղել «Եվրոիստինվեստ» ծրագրերով, որն ավելի շատ դասընթացային է, սովորեցնում են, թե ինչպես կարելի է աշխատել։ Այժմ մենք կփորձենք, որ ավելի ակտուալ լինի, իրական ներդրումներ լինեն։ Դրա համար հարկավոր է, որ եվրոպացի գործարարները լավ տեղյակ լինեն Հայաստանի իրավիճակից։
Մենք փորձում ենք տեղեկացնել իրենց և կազմակերպել համաժողով, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ քննարկում են եվրասիական տնտեսական գոտին Եվրոարդյունաբերական պալատում Հայաստանի միջոցով ներկայացնելու հարցը։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ներկայումս լավ հարաբերություններ չունի Եվրոպայի հետ, իսկ Հայաստանը, լիելով Եվրոպալատի և ԵԱՏՄ անդամ, կարող է հանդիսանալ հարթակ, որտեղ եվրոպացիները կտեղեկացվեն Եվրասիական միության մասին, թե ինչպես կարելի է ընդհանուր գոտում գործունեություն ծավալել։ Մենք ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի մեր գործընկերների հետ քննարկում ենք, որ նմանատիպ ֆորում ամռանը կազմակերպենք Հայաստանում։
Առաջարկն արդեն ներկայացրել ենք Եվրոպայի արդյունաբերական պալատին, և իրենց կողմից նախնական հետաքրքրություն կա, որ, ինչո՞ւ ոչ, Եվրոպայի բոլոր գործարարները կցանկանան հասկանալ, թե ինչ է կատարվում Եվրասիական տնտեսական գոտում, բայց Ռուսաստան չեն գա դա իմանալու համար։ Իսկ Հայաստանը լավ հարթակ է, հատկապես՝ ԵՄ-ի հետ խորը և ընդլայնված համագործակցության պայմանագրի կնքումից հետո, և դրա շրջանակներում կարող է կամուրջ հանդիսանալ։ Եթե հաջողվի կազմակերպել այդ ֆորումը և եվրոպացի ու ռուս գործարարներին բերել Հայաստան, ծանոթացնել, դա այս տարի մեր ամենամեծ ձեռքբերումը կլինի։
– Ներդրումների ծավալների կանխատեսում կարո՞ղ եք անել։
– Բացարձակապես ոչ, ներդրումների մասին խոսելն առայժմ շուտ է, որովետև իրենք առայժմ ցանկանում են հասկանալ, թե Հայաստանում ինչ է կատարվում, իրենք ինչ արդյունավետություն կարող են ունենալ։ Մենք այսօր խոսում ենք, բայց իրենք ուզում են իրենց աչքերով տեսնել և հասկանալ, թե դա ինչքանով է իրատեսական։ Որովհետև մենք ներկայացնում ենք և՛ եվրասիական շուկան, և՛ իրանական։ Երկու շուկաներն էլ եվրոպացիների համար շատ հետաքրքիր են, ազատ տնտեսական գոտին նույնպես շատ հետաքրքիր է, բայց ուզում են ավելի մանրամասն, ավելի դետալներով հասկանալ, թե ինչպես կարելի է դա կիրառել՝ չխանգարելով իրենց պատժամիջոցների հետ կապված խնդիրներին, որովհետև իրենք շատ վախենում են պատժամիջոցներից, որ եթե ինչ-որ համագործակցություն սկսեն Ռուսաստանի կամ Իրանի հետ, կարող է իրենք էլ պատժամիջոցների տակ ընկնեն։
– Պարոն Հայրապետյան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը վերջերս զեկույց է հրապարակել, որում որպես մեր երկրում ներդրումներ իրականացնելու խոչընդոտ՝ նշվում է դատական համակարգի արդարության բացակայությունը ու կոռուպցիան։ Եվրոպացիներն ինչպե՞ս են վերաբերվում սրան, և, Ձեր կարծիքով, Հայաստանում ներդրումների համար գլխավոր խոչընդոտը ո՞րն է։
– Իմ կարծիքով՝ խնդիրն առավելապես ճանաչելիությունն է, որովհետև ցանկացած վայրում իր կոռուպցիոն ռիսկերը կան։ Բայց դա պետք է գործարարի կողմից ճանաչելի, կանխատեսելի և գնահատելի լինի, որպեսզի իրենք փորձեն իրենց ներդրումներն անել։ Իմ կարծիքով՝ դատական համակարգն ու կոռուպցիան, իհարկե, խնդիրներ են, բայց ինչքան եվրոպացի և օտարերկրյա ներդրողները ճանաչեն Հայաստանը, թե ինչպես բիզնես անեն այստեղ, այնքան ավելի հեշտ ներդրումներ կանեն։ Որովհետև ամբողջ աշխարհում ավելի մեծ ռիսկայնություն կա, բազմապատիկ ավելի մեծ կոռուպցիաներ կան, բայց գնում են, ներդրումներ անում են և բիզնես անում են՝ հասկանալով, թե ինչպես այդ ռիսկերը մինիմալիզացնել և չեզոքացնել։ Դրա համար պետք է ավելի շատ բացենք մեր հարթակները, ճանաչեն մեզ և ըստ այդմ որոշեն գործությունեություն ծավալել Հայաստանում։