Արմեն Սարգսյանը հանդիպել է Մոսկվայի բուհերի հայ ուսանողների հետ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում փետրվարի 1-ին կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողﬕմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Երիտասարդների հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը կարևորել է նրանց մասնակցությունը Հայաստանի հասարական քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կյանքում, ինչպես նաև հետաքրքրվել է, թե ինչպիսի Հայաստան կցանկանան նրանք տեսնել յոթ տարի անց։
Երիտասարդները մեծ ոգևորությամբ իրենց հարցերն են հղել նաև Արմեն Սարգսյանին՝ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ։
Բուհերի ուսանողները շնորհակալություն են հայտնել Արմեն Սարգսյանին անմիջական զրույցի և բաց երկխոսության համար։ Իր հերթին նա խոստացել է հետագայում ևս համանման հանդիպումներ ունենալ երիտասարդների հետ տարաբնույթ հարցերի շուրջ գաղափարների և մտքերի փոխանակման նպատակով»։