
«ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագիրը մարտահրավերներին դիմակայելու նոր հնարավորություն է». Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է վերաբերվում Հայաստանի զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրին: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մեզ համար անվտանգության հիմնախնդիրներն ամենաառաջնայինն են և պատահական չէ, որ զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիրը հանրապետության Նախագահի մասնակցությամբ քննարկվեց պաշտպանության նախարարությունում, այնուհետև ներկայացվեց անվտանգության խորհրդի նիստի քննարկմանը: Ծրագիրը հիմնականում պատրաստ է, և պետք է նշեմ, որ մենք դրսական ենք վերաբերվում այդ ծրագրին»,- ընդգծեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիրը նոր հնարավորություններ է տալիս ավելի արդյունավետ դիմակայել առկա մարտահրավերներին, բոլոր ուղղություններով արդիականացնել զինված ուժերը:
Շարմազանովը նաև հավելեց, որ այդ ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագրից՝ հիշեցնելով, որ կուսակցությունը ընտրարշավին մասնակցում էր «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: