Պաշտոնական Դամասկոսը օկուպացիա է որակել Աֆրինում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունները
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նոր հայտարարություն է տարածել, որում Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունը որակել է, որպես օկուպացիա: Այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ն:
Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններն անօրինական ագրեսիայի դրսևորում են:
«Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունը բացահայտ ագրեսիա են: Օտար ուժերի անարգել և անօրինական մուտքը Սիրիայի տարածք ագրեսիա է և օկուպացիա: Անհրաժեշտ ամեն ինչ արվելու է»,- նշված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարությունից բացի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահությանը մեկական նամակ է ուղարկել:
«Թուրքական ռեժիմը շարունակում է ոչ ոքի չհամոզող ստեր տարածելով արդարացնել Սիրիայի տարածքում իր կողմից իրականացվող ագրեսիան»,- նշված է նամակում: