«ՀՀ կառավարությունը գոնե պետք է ցույց տա, որ ուղղակի ձևով կապված չէ այդ կոռումպացված կազմակերպությունների հետ». Հովհաննես Իգիթյան
«Ռուսական մամուլում անընդհատ ներկայացնում են, որ պատժամիջոցներն արվում են, որովհետև Արևմուտքը չի սիրում Ռուսաստանին, բայց չպետք է մոռանանք հիմքը, թե ինչից դա սկսվեց։ Պատժամիջոցներն արդյունքն են Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության, հատկապես՝ Ուկրաինայի, Ղրիմի զավթման, Դոնեցկի, Լուգանսկի ագրեսիվ քաղաքականության, և այլն»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Իգիթյանի խոսքով՝ «կրեմլյան ցուցակում» հայտնված անձինք միավորված են Պուտինի շուրջ, ավելին՝ նրա վերահսկողության տակ են. «Այդ ցուցակը հնարավորություն կտա Եվրոպայի և ԱՄՆ-ի տարբեր մարմիններին՝ հետևել այդ մարդկանց ֆինանսների ծագման աղբյուրին, ոլորտներին, որտեղ նրանք փորձում են ազդել։ Տարբեր հաշվարկներով Ռուսաստանից մոտ 400 մլրդ դոլար է արտահոսել Ուկրաինայի ագրեսիայից հետո։
Մեծ գումար է գնում, և շուկաներում դրա ազդեցությունը չես զգում, այստեղից գալիս է մի վարկած, որ այդ գումարը կարող է այլ նպատակների համար օգտագործվել։ Դա մեծ գումար է, և պարզ երևում է, որ այդ ցուցակի բոլոր մարդիկ Պուտինի վերահսկողության տակ են, և անհրաժեշտության դեպքում այդ ամբողջ գումարը կարող է օգտագործվել՝ կրեմլյան վերնախավի միջոցով աշխարհի այս կամ այն մասում ռազմական, քաղաքական, տնտեսական պրովոկացիաներ անելու համար։ Միջազգային կազմակերպությունները պետք է վերահսկեն, իմանան՝ այդ արտահոսքն ուր է գնում, այս մարդիկ իրենց գումարները որտեղ են ծախսում, որ օֆշորային գոտում։ Դա շատ կարևոր է, որովհետև Ռուսաստանի գաղտնի հնարավորությունն է՝ այդ ֆինանսների միջոցով ազդել որևէ իրադարձության վրա»։
Խոսելով Հայաստանի վրա այդ պատժամիջոցների ազդեցության մասին՝ նա ասաց, որ Հայաստանում էլ կա ՌԴ-ում ստեղծված մթնոլորտը, և այդ ցուցակում ներառված մարդիկ ինչ-որ կերպ առնչվում են Հայաստանի հետ. «Ավելի վատ բան, քան կառավարությանը կից, վարչապետին կից ակումբներ ունենալն է, չի կարող լինել։ Ես որևէ քաղաքակիրթ և ոչ քաղաքակիրթ երկրում այդպիսի բան չեմ տեսել։ Ղազախստանում ուղղակի կա ներդրումային կոմիտե։ Այնտեղ Նազարբաևի կամ վարչապետի շուրջ չկան նման ակումբներ։
Առաջինը պետք է վերացնել այս ակումբը, որովհետև Հայաստանը պետք է տարանջատվի Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունից։ Բոլորը հասկանում են, որ այս կամ այն ձևով ՌԴ ազդեցության տակ ենք, բայց գոնե կառավարությունը պետք է ցույց տա, որ ուղղակի ձևով կապված չէ այդ կոռումպացված կազմակերպությունների հետ, չի հովանավորում նրանց, հատուկ պայմաններ չի ստեղծում նրանց համար»։