Բաժիններ՝

«Ո՛չ, փորձադաշտ չեք դառնում». Հաշմանդամները բողոքի ակցիա արեցին պրոթեզավորման կարգի փոփոխության դեմ

Այսօր Կառավարության շենքի դիմաց հաշմանդամություն ունեցող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ պրոթեզավորման կարգի փոփոխության։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ՝ ներդրվում է պրոթեզներ սարքելու համար մրցութային կարգ:

Մինչդեռ մինչ այս մոտ 25 տարի Հայաստանում պրոթեզներ պատրաստել է գերմանական «Ինտերօրթո» կենտրոնը, որի աշխատանքը, ըստ ցուցարարների, այժմ կասեցված է։ Ցուցարարները նշեցին, որ կենտրոնի գործունեությունից իրենք միշտ գոհ են եղել, իսկ արդեն անցկացված մրցույթում հաղթել է 2 ընկերություն՝ «Պրոթեզաօրթոպեդիկ ձեռնարկություն» և «Սատար», որոնք, սակայն, չեն բավարարում սահմանված չափանիշին և չունեն պրոթեզ պատրաստելու 3 տարվա փորձ։

Ցուցարարները պահանջում են սերտիֆիկացնել պրոթեզավորումը, և, որ անձն ինքը որոշի, թե որտեղ պատվիրի իր համար պրոթեզներ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների վարչության պետ Արթուր Կեսոյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հայտարարեց, որ գերմանական կենտրոնը չի փակվում, իսկ մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունները ծառայություն են մատուցելու ISO ստանդարտներով, սակայն չափանիշերը դեռևս ամփոփված չեն, և ոչ ոք չգիտի, թե ով է հաղթել։

«Ո՛չ, փորձադաշտ չեք դառնում»,- ասաց Ա.Կեսոյանը՝ ի պատասխան ցուցարարներից մեկի դիտարկման, որ նախարարությունն իրենց փորձադաշտ է դարձնում։

Ա.Կեսոյանը տեղեկացրեց, որ հաջորդ քայլը լինելու է հավաստագրման անցնելը, և հաշմանդամները որտեղ ցանկանան, այնտեղ էլ կպրոթեզավորվեն, իսկ թերացող կամ խախտում թույլ տվող ընկերությունը կհայտնվի սև ցուցակում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս