«Նույնիսկ բուժհաստատություն դիմելու փաստը համարվում է բժշկական գաղտնիք, էլ չենք խոսում՝ հետազոտման, ախտորոշման և մնացած բոլոր պրոցեդուրաների մասին»
«Իրավունքի զարգացման կենտրոն» հ/կ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները և օրենսդրական կարգավորումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ խոսելով առողջապահության ոլորտում անձնական տվյալների պաշտպանության մասին՝ նախ նշեց, որ օրենքում հատուկ կատեգորիայի մեջ են ներառված առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները.
«Բացի այդ, մենք ունենք այլ օրենսդրական կարգավորումներ այս մասով․ նույն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը հստակ նշում է, որ անձի՝ նույնիսկ բժշկական հաստատություն դիմելու փաստը համարվում է բժշկական գաղտնիք, էլ չենք խոսում նրա մասին, որ հետազոտման, ախտորոշման և մնացած բոլոր պրոցեդուրաների և առհասարակ առողջական վիճակի հետ կապված անձի տվյալները համարվում են գաղտնի տեղեկատվություն, և միայն տվյալ անձը կարող է որոշել, թե ինչպես շրջանառվի այդ տեղեկատվությունը, սկսած նրանից, թե արդյո՞ք հանձնվի իրեն այդ տեղեկատվությունը, թե՞ ոչ, որովհետև մենք գիտենք, որ առողջապահության ոլորտում նաև այլ խնդիրներ կան, օրինակ՝ որոշ ախտորոշման դեպքերում հենց հիվանդին չեն ասում, այլ ասում են հարազատներին»։
Վիոլետա Զոփունյանի խոսքով՝ կա նաև քրեական պատասխանատվություն՝ բժշկական գաղտնիքի բացահայտման մասով. «Սակայն քիչ կգտնեք այնպիսի դեպքեր, երբ մինչև վերջ գործը հասնում է դատարան, կամ առհասարակ մարդիկ տեղյակ են իրենց այդ իրավունքի մասին։ Այս մասով խնդիրներն առկա են։ Միևնույն ժամանակ, մենք ունենք ակնհայտ խախտումներ, եթե, օրինակ՝ հետևենք լուրերին։ Մենք տեսնում ենք տվյալներ, որ տվյալ անձին այս կամ այն վիճակում տարել են բուժհաստատություն, բայց արդյո՞ք հարցրել են տվյալ անձին՝ ձեր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը կամ թեկուզ այն փաստը, որ դուք բուժհաստատությունում եք, կարո՞ղ ենք հրապարակել, թե՞ ոչ։
Կամ, օրինակ՝ թմրամիջոց օգտագործողների հետ կապված էլի անուն-ազգանունով և ախտորոշմամբ նշվում ու հրապարակվում է այդ ամենը։ Մենք ունենք եղած օրենսդրական կարգավորումների ճիշտ կիրառման խնդիր»։
Ինչ վերաբերում է էլեկտրոնային միասնական առողջապահական համակարգին և դրա շրջանակներում անձնական տվյալների պաշտպանությանը, նա նշեց, որ այդտեղ կան ակնհայտ իրավական խնդիրներ զուտ այն առումով, որ չունենք համապատասխան հիմքեր, թե ինչպես պետք է այդ ծրագիրն աշխատի, ինչպես պետք է շրջանառվեն, հավաքագրվեն տվյալները, ով պետք է տա թույլտվությունը՝ հիվանդների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար.
«Ըստ էության, նախորդ տարվա հոկտեմբերից ծրագիրն ամբողջությամբ բոլոր բուժհաստատություններում տեղադրվել է, կա արդեն իսկ հավաքագրված տեղեկատվություն՝ ամբուլատոր քարտերից, բայց ոչ մեկս դրանցից, մեծ հաշվով, տեղյակ չենք, և այդ հրապարակային տեղեկատվությունը չենք ստացել։ Եղել են լուրերով, բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են լուրերին, գուցե և տեղեկացել են, որ նման փոփոխություններ կան ոլորտում, բայց օրինակ՝ մարզերում ապրող շատ մարդիկ, ովքեր նույնպես ունեն այդ իրավունքը, ո՛չ տեղյակ են այդ փոփոխություններից, ո՛չ գիտեն, թե ինչպես է դա իրականացվելու»։
Վիոլետա Զոփունյանի խոսքով՝ կա մեկ միասնական բազա, որտեղ յուրաքանչյուր հիվանդ ունենալու է մեկ ամբողջական պատմություն. «Թե ում է հասանելի այդ պատմությունը, որևէ իրավական կարգավորում այս պահին չունենք։ Դեռևս չունենք հստակ շրջանակը, թե ով պետք է տիրապետի այդ տեղեկատվությանը, ինչպես պետք է շրջանառվի բուժհաստատության ներսում և բուժհաստատությունից դուրս»։