Փայլանն ու Մակրոնը քննարկել են Թուրքիայում մարդու իրավունքների հարցը
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հունվարի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Թուրքիայում մարդու իրավունքների հարցը: Այս մասին հայտնում է Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը:
Քննարկումը տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի շրջանակում:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պաշտոնական կայքում հանդիպման մասին տեղ գտած հայտարարության մեջ ասվում է, որ Մակրոնն ու Փայլանն անդրադարձել են սիրիական Աֆրինում թուրքական զինված ուժերի գործողություններին՝ զգոնության կոչ անելով և մտահոգություն հայտնելով վերջին զարգացումների առնչությամբ:
Միջոցառման շրջանակում ժողովրդավարության և մարդու իրավունքների պայքարի գործում ներդրած ջանքերի համար Փայլանը Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից ստացել է հատուկ շքանշան (La médaille Grand Vermeil):
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին:
Ընթրիքին մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատվո հյուրն էր Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը: Ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: