«Ո՞վ է մոտենալու, ստուգելու՝ ես վերելակում ծխեցի, չծխեցի». Կարեն Չիլինգարյան
«Ծխելու դեմ պայքարել պետք է, բայց՝ ոչ այս ձևով»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ խոսելով «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» նոր օրենսդրական նախագծի մասին:
Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցները, տուգանքները դրակոնային չափի են. «Նույն զարգացած, քաղաքակիրթ երկրներում դրանք սկսվում են 25 եվրոյից՝ մինչև 250, իսկ մեզ մոտ առավելագույնը 700 հազար դրամն է, այսինքն՝ գրեթե 1500 եվրո է ստացվում՝ այն պարագայում, որ մեր սպառողը, քաղաքացին մի 10 անգամ ավելի ցածր աշխատավարձ է ստանում, քան նույն եվրոպական երկրներում: Պայքարել պետք է ծխելու դեմ, բայց՝ ոչ այս ձևով, քանի որ ծխողն էլ է քաղաքացի, սպառող, նա էլ իր իրավունքներն ունի, նրա իրավունքներն էլ պետք է պաշտպանված լինեն: Այն, որ արգելում են սրճարաններում, ռեստորաններում կամ այլ վայրերում ծխել, պետք է նաև պայմաններ ստեղծեն ծխողների համար:
Նշված է՝ վերելակում ծխողների համար՝ 250 հազար դրամ տուգանք, դա ինչպե՞ս է արվելու, ո՞վ է մոտենալու, ստուգելու՝ ես վերելակում ծխեցի, չծխեցի: Ուղղակի գրված է, բայց ինչպե՞ս պետք է արվի, դրա մասին խոսք չկա»: