«Արմեն Սարգսյանն այն ժամանակ մեծ դեր ունեցավ նաև ԼՂՀ հարցը միջազգայնացնելու գործընթացում». Հովհաննես Իգիթյան
«Պետք է հասկանանք, որ չնայած Արմեն Սարգսյանը հանդիպում է տարբեր ուժերի հետ և փորձում է նաև հասարակությանն ինչ-որ մեսիջներ ուղարկել, նա հասարակության օգնությամբ չի գալիս պաշտոնին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին:
Նրա դիտարկմամբ՝ Ա. Սարգսյանը ժողովրդի հավանության կարիքը չունի՝ այդ պաշտոնում նշանակվելու համար. «Սպասել, որ այս պաշտոնում ընտրված մարդը կարող է էապես փոխել Հայաստանում իրավիճակը, ինձ թվում է՝ պետք չէ»:
Հ. Իգիթյանը նկատեց, որ Հայաստանում ամեն պաշտոնում սպասում ենք ինչ-որ մականունով կամ քրեական անցյալ ունեցող մարդու և արդեն չենք զարմանում՝ խորհրդարանում նման մարդկանց տեսնելով.
«Գոնե այս պաշտոնում մենք տեսնում ենք, որ մարդն ունի թե՛ փորձ, թե՛ կրթություն, և այլն: Ինձ համար դժվար է խոսել Արմեն Սարգսյանի մասին, ես սուբյեկտիվ եմ այդ հարցում, որովհետև վաղուց ճանաչում ենք իրար, ճանապարհ ենք անցել այն ժամանակ, երբ կարևոր էր Հայաստանը ներկայացնել քաղաքակիրթ աշխարհում: Ինքը եղել է մեր Եվրոպայի դեսպանների կոորդինացնողը, ես էլ՝ որպես ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, մենք տանում էինք Հայաստանը դեպի ԵՄ-ի մոդելը, և ինքն այն ժամանակ մեծ դեր ունեցավ նաև ԼՂՀ հարցը միջազգայնացնելու գործընթացում: Թե ինչպե՞ս ինքը կկարողանա տեղավորվել իր այս կեցվածքով Հայաստանի իրավիճակի մեջ, պարզ կլինի հետագայում»:
Հ. Իգիթյանը չի գտնում, որ Ա. Սարգսյանը կարող է հավասարակշռող նշանակություն ունենալ Հայաստանի իշխանությունների պրոռուսական քաղաքականությանը. «Իրականում «և՛-և՛» գոյություն չունի, Հայաստանը պրոռուսական քաղաքականություն է տանում, նույնիսկ ստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիր՝ Հայաստանը որևէ քայլ չի անում այդ ուղղությամբ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: