
«Եթե դու բարձունքին կանգնած ես, ներքևում կանգնած բազմաթիվ մարդիկ վերևից քեզ մրջյուն են թվում, բայց…». Արմեն Սարգսյան

Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ եթե դառնա ՀՀ նախագահ՝ բոլոր ջանքերը կներդնի երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Այդ մասին Սարգսյանը նշել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Անդրադառնալով երկրում 30 տոկոս աղքատության ցուցանիշին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է բարեգործությամբ լուծել հարցը: Հարցի լուծման ճանապարհը հստակ է` աշխատանք ունենալ և վարձատրվել այդ աշխատանքի համար, պահել իր արժանապատվությունը, դրանով դուրս գալ աղքատությունից: Եթե առաջադրվեմ և դառնամ ՀՀ նախագահ, իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար: Ներդրումներ ունենալն ինքնանպատակ չէ»:
Արմեն Սարգսյանը հիշեցրեց հին արաբական ասույթ. «Եթե դու բարձունքին կանգնած ես, ներքևում կանգնած բազմաթիվ մարդիկ վերևից քեզ մրջյուն են թվում, բայց պետք է ուշադիր լինել՝ ներքևից նայող մարդիկ քեզ նույնպես մրջյուն են տեսնում»:
«Ես չեմ կարծում, որ այն ճանապարհը, որ անցել եմ, որևէ օր թույլ կտան, որ ես որևէ անհատի, անկախ նրանից՝ աղքատ է, թե հարուստ, երիտասարդ է, թե ծեր, արհամարհական վերաբերվեմ», – վստահեցրել է Արմեն Սարգսյանը։