«ԻԼԻՊ-ից Հայաստանին լուրջ վտանգ չի սպառնում. դա մասնավոր դեպք է». արաբագետը՝ ռուս զինծառայողի սպանության մասին
««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարներն ավելի շատ արձագանք են ստանում այն երկրներում, որտեղ մեծաթիվ են մուսուլմանները, կա մուսուլմանական համայնք։
Հայաստանն այդ առումով բացառիկ երկիր է, քանի որ մուսուլմանական համայնք չունենք։ Բնականաբար, առաջին հերթին՝ ԻԼԻՊ-ի մեսիջներն ուղղված են ամբողջ աշխարհի մուսուլմաններին, և կապ չունի՝ աշխարհի որ մասում է, որ տարածաշրջանում են նրանք»,- 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է «Իսլամական պետությանն» այս պահին անհրաժեշտ հետևորդներ ունենալ Հայաստանում, այս մասին ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության ուղղություններից մեկը եղել է աշխարհի տարբեր երկրներում ավելի շատ հետևորդներ ունենալու քաղաքականությունը, և այդ համատեքստում, բնականաբար, առանց հստակ թիրախավորման, առանց առանձնակի հետաքրքրությունների՝ նրանք տարածել են իրենց գաղափարները և փորձել բոլոր տարածաշրջանների բոլոր երկրներում ձեռք բերել գաղափարակիցներ, հետևորդներ։
Այդ տրամաբանության մեջ է նա տեսնում նաև Արման Ջանջուղազյանի դեպքը։ Ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, որը հրապարակված է դատական տեղեկատվական համակարգում՝ Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում,ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակ, դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով վերջինիս:
Արմեն Պետրոսյանն ընդգծեց՝ սա մասնավոր դեպք է, և պետք է չէ դրան մեծ ուշադրություն դարձնել. «Մենք գիտենք, որ տարբեր երկրներում բազմաթիվ քրիստոնյաներ կան, որոնք իսլամ են ընդունել, հետո հարել ԻՊ-ի գաղափարներին, իրենց հռչակել այդ կազմակերպության հետևորդ, նաև՝ իրենց ծառայությունները մատուցել այդ կազմակերպությանը և իրենց հնարավորությունների սահմաններում մասնակցել ջիհադական պայքարին։ Սա եզակի երևույթ չէ, և բազմաթիվ նման օրինակներ մենք ունենք քրիստոնեական այլ երկրներում»։
Ըստ արաբագետի՝ այդ կազմակերպությունից Հայաստանին լուրջ վտանգ չի սպառնում. «Մենք տեսնում ենք, որ վերջին ամիսների ընթացքում ակնհայտ է, որ ԻԼԻՊ-ի սպառնալիքն ամբողջ աշխարհում է նվազել, և այս համատեքստում ՀՀ-ն ևս ուղղակի սպառնալիքի տակ չի գտնվելու։ Բնականաբար, շատ ավելի է նվազել այդ կազմակերպության սպառնալիքը՝ ուղղված ՀՀ-ին»։