«Ձիթենու ճյուղ» գործողության դեմ հանդես եկող թուրք բժիշկները ձերբակալվել են
Սիրիական Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների դեմ հայտարարություն հրապարակած Թուրք բժիշկների միության (TTB) անդամները ձերբակալվել են: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Թուրք բժիշկների միության կենտրոնական խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին ասվում էր, թե «պատերազմը ժողովրդի առողջության հարցն է»:
«Որպես բժիշկներ զգուշացնում ենք՝ ցանկացած բախում, ցանկացած պատերազմ ֆիզիկական, հոգեկան, սոցիալական առողջության տեսանկյունից չվերականգնվող խնդիրներ է առաջացնում և մեծ մարդկային դրամայի պատճառ դառնում: Ոչ ենք ասում պատերազմին, թող անմիջապես խաղաղություն լինի»,- ասվում էր հայտարարության մեջ:
Այս հայտարարությանը խիստ արձագանք էր տվել նախագահ Էրդողանը, իսկ Անկարայի գլխավոր դատախազությունը «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու և ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսել: Արդյունքում հունվարի 30-ի առավոտյան ձերբակալվել են Թուրք բժիշկների միության 11 անդամ, այդ թվում և նախագահը:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: