Բաժիններ՝

«Ամբողջ աշխարհում է այսպես, ժամանակն է, որ մենք նույնպես անցնենք այս համակարգին»

Կգնահատվի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը: Այս ծրագիրն ընդգրկված է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի 2018 թվականի աշխատանքներում: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ներկայում ՀՀ-ում պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի և թեմաների իրականացման մեջ ներգրավված են ընդհանուր թվով 87 գիտահետազոտական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ և բուհերի կազմում ընդգրկված մասնաճյուղեր:

«Կառավարության որոշման նախագծով մենք ցանկանում ենք ֆինանսավորման նոր տարբերակ առաջարկել, համաձայն որի, գիտական հիմնարկները կֆինանսավորվեն ըստ իրենց ստացած գիտական արդյունքների: Մշակվում է համապատասխան բալային համակարգ, որով էլ կգնահատվեն ինստիտուտները: Ըստ գնահատման էլ ինստիտուտները կֆինանսավորվեն: Ոչ բոլոր հիմնարկները հավասար բաշխման սկզբունքով կֆինանսավորվեն»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով, գիտական հիմնարկներն, ըստ իրենց աշխատանքի արդյունավետության, միմյանցից տարբերվում են: Սամվել Հարությունյանի կարծիքով, ժամանակն է, որ ինստիտուտները ֆինանսավորվեն իրենց տված արդյունքների համաձայն:

«Ամբողջ աշխարհում է այսպես, ժամանակն է, որ մենք նույնպես անցնենք այս համակարգին: Ինստիտուտի արդյունավետությունը որոշվելու է տարբեր չափանիշներով: Փակագծերը շատ չբացեմ, բայց մի քանիսը ներկայացնեմ: Հաշվի կառնվի, թե տվյալ հիմնարկը վերջին հինգ տարում ռեյտինգային ամսագրերում ինչ հոդվածներ է տպագրել, որքան հղումներ են կատարվել այդ աշխատանքներին, ամեն տարի քանի գիտնական է մասնակցել միջազգային գիտաժողովների ու հանդես եկել զեկույցներով: Վերջին 5 տարում տվյալ հիմնարկում քանի թեկնածուական է պաշտպանվել, քանի գիտնական է ստացել պետական պարգև և այլն»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս