Թրամփը ներողություն է խնդրել բրիտանացի արմատականների գրառման ռեթվիթի համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ ներողություն է խնդրել Twitter-ի իր էջում բրիտանական Britain First արմատական կազմակերպության գրառումը պատճենելու համար:
Համապատասխան հայտարարությունը նա արել է բրիտանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է տրվել հունվարի 26-ին: «Եթե դուք ասում եք, որ դրանք զարհուրելի մարդիկ են, զարհուրելի ռասիստներ, ես, անշուշտ, ներողություն կխնդրեի, եթե դուք ցանկանում եք, որ ես դա անեմ,- ասել է նա:- Ես չեմ ցանկանում դժվարություններ ստեղծել ձեր երկրի համար»:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը «միանգամայն ոչինչ չի իմացել» Britain First-ի էության եւ գործունեության մասին: Թրամփն ընդգծել է, թե ինքն առաջնորդվել է սոսկ արմատական իսլամիստների ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտության համոզմունքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: