
Կանադայի սպորտի նախարարը պաշտոնաթող է եղել սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների պատճառով

Կանադայի սպորտի եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց գործերի նախարար Քենթ Հեյրը, որին մի խումբ կանայք մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, թողել է իր պաշտոնը: Այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ պաշտոնյան նման որոշում է ընդունել երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ունեցած խոսակցությունից հետո: «Ցանկացած ոտնձգություն անընդունելի է, եւ կանադացիներն իրավունք ունեն աշխատել առանց նեղումների»,- ասել է վարչապետը, որը գտնվում է Դավոսում, որտեղ մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին:
Թրյուդոն հավելել է, թե «կարեւոր է պաշտպանել այն կանանց, որոնք հանդես են գալիս նման պնդումներով, եւ դա այն է, ինչ մեր կառավարությունն անելու է»:
Հեռուստաալիքը հայտնել է, որ ավելի վաղ մի խումբ կանանց ներկայացուցիչը սոցիալական ցանցերից մեկով նախարարին մեղադրել է այն բանում, որ, նա, դեռ 2008-2015 թվականներին լինելով Ալբերտայի նահանգի օրենսդիր ժոովի անդամ, խոսքով հետամտում էր կանանց՝ նրանց ստիպելով իրենց «անվտանգ չզգալ» իր ներկայությամբ: Մեղադրանքների փաստով հետաքննություն է սկսվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: