Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գծով տնօրենն անդրադարձել է Ադրբեջանում անօրինական ձերբակալություններին
Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գեորգի Գոգիան անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողների և ակտիվիստների անօրինական ձերբակալություններին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Գեորգի Գոգիան, մասնավորապես, անդրադարձել է 2018 թ. հունվարին 3 տարվա ազատազրկման դատապարտված Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի և 6 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի գործերին:
«Ադրբեջանի կառավարությունը Բայրամլիին և Մուխտարլիին պետք է ազատ արձակի և թույլ տա, որ նրանք առանց խոչընդոտի շարունակեն իրենց օրինական գործունեությունը: Բաքվի միջազգային գործընկերները նրանց ազատ արձակման և հասարակության նկատմամբ ճնշումներին վերջ տալու ուղղությամբ պետք է ցուցաբերեն մշտական և կայուն դիրքորոշում»,- գրել է Human Rights Watch կազմակերպության պաշտոնյան:
«Ադրբեջանում Ժողովրդական ճակատ կուսակցությունից ամենաքիչը 10 անդամ և ամենաքիչը 11 լրագրող քաղաքական հայացքների պատճառով գտնվում են անօրինական ձերբակալության մեջ»,-հավելել է Գեորգի Գոգիան:
Պետք է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե երկրում ոչ ոք չի ձերբակալվում քաղաքական դրդապատճառներով, եւ անհատները պատժվում են կոնկրետ հանցագործությունների համար, ինչն իրականությանը չի համապատասխանում: