Բաժիններ՝

«Նման հնարավորությունը բաց թողնելը թեթևամտություն կլինի». Վարդան Ոսկանյան

Հարցազրույց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ.

– Պարոն Ոսկանյան, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ ԵՄ-Իրան հարաբերությունների համար․ այս իմաստով ի՞նչ զարգացումներ ակնկալենք։
– Հայաստանն ունի լրջագույն առավելություն. իրանցիները միանշանակորեն դրական են գնահատում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, և սա բացում է լուրջ հնարավորություններ։ Կարծես թե եվրոպական կողմի համար էլ շահավետ է, որ Իրանի հետ հարաբերությունների առնվազն որոշակի հատվածը կառուցվի՝ Հայաստանը որպես հարթակ օգտագործելով։ Բաց թողնել նման հնարավորությունը, կարծում եմ՝ թեթևամտություն կլինի։ Մենք ունենք այդ հնարավորությունը։

– Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է անի։

– Նախ և առաջ, պետք է հստակորեն ներկայացնենք մեր ունեցած հնարավորությունները մի կողմից՝ իրանական դաշտում, մյուս կողմից՝ եվրոպացիների համար։ Դրանք բազմաթիվ են, և մենք իրոք ունենք առավելություններ, ուղղակի այստեղ խնդիր կա այդ առավելությունները որպես առաջին քայլ ներկայացնելու։ Որպես երկրորդ քայլ՝ մեր դեսպանատներում կան տնտեսական հարցերը համակարգող բաժիններ, դրանք պետք է ավելի ակտիվ աշխատեն, որպեսզի Հայաստանը դարձնեն կամուրջ ոչ միայն եվրոպական երկրների հետ, այլ նաև այլ տարածաշրջանների հետ, որովհետև, ըստ էության, թե՛ ԵՏՄ անդամ լինելով, թե՛ ԵՄ հետ այդ համաձայնագիրն ունենալով՝ իրոք ունենք բարենպաստ պայմաններ՝ հանդիսանալու նման հարթակ Իրան-որևէ երրորդ կողմ հարաբերությունների համար։

– Իրանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց պատճառով բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, կարո՞ղ են խոչընդոտ հանդիսանալ այդ համագործակցության համար։

– Չեմ կարծում, որ դրանք խոչընդոտ հանդիսանան։ Իրանում սոցիալական վիճակը բավականին բարվոք է. ցույցերի առկայությունն այս դաշտում կողմնակի ցուցիչ է առ այն, որ բնակչությունն ունի որոշակի ապահովության մակարդակ, քանի որ աղքատ, չքավոր հատվածը երբեք նման ցույցերի չի գնում։ Ցույց են անում որոշակի սոցիալ-տնտեսական ապահովության մակարդակ ունեցող անձինք։

Ակնհայտ է, որ դրանք որոշակի անհանգստություն առաջ են բերում Հայաստանում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ ցույցերն անցկացվում են աղճատված պրիզմայով։ Բայց իրականության մեջ անհանգստանալու տեղիք չկա, Իրանը հստակորեն կառավարում է թե՛ ներքին իրավիճակը, թե՛ շարունակում է իր դիրքերի ամրապնդումը Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում։

– Թեպետ եվրոպական կողմից հաճախ են հնչում նման հայտարարություններ, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ ԵՄ-Իրան համագործակցության համար, բայց Իրանը կարծես լուռ է այս իմաստով, ինչո՞վ է դա պայմանավորված։

– Եթե Իրանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Հայաստանը դիտարկում է ՝ որպես Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի մաս, եթե իրանցիները մասնակցում են էներգետիկ զանազան գործընթացների՝ խթանելով Հայաստանին, որպեսզի Հայաստանը նույնպես ակտիվություն դրսևորի այս ոլորտում (ակնհայտ է, որ Իրանն առայժմ չունի հնարավորություններ, գազի արտահանման դաշտում ենթակառուցվածքների խնդիր կա, բայց ակնհայտ է, որ ապագայում էլ դիտարկում է այդ խնդիրը), ապա իրանական կողմից էլ ազդակները դրական են։ Անշուշտ, իրանական կողմը մի փոքր դանդաղ է աշխատում՝ մեր տեմպերի համեմատ, բայց մենք թեև արագ, բայց ավելի թափթփված ենք աշխատում՝ ոչ մեթոդական ճնշում բանեցնելով։

Բայց կարծում եմ՝ բոլոր խնդիրներն էլ լուծելի են, եթե այդ խնդիրները համարվեն առաջնահերթ մեզ համար։ Իսկ իրականում Իրանի հետ հարաբերություններն առաջնահերթություններ են, ԵՄ-ի հետ հարաբերություններն առաջնահերթություններ են, ԵՏՄ անդամների հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություններ են։ Լինելով նման բարենպաստ դիրքում՝ չօգտագործել այս բոլոր հնարավորությունները, կարծում եմ՝ սխալ կլինի, և մեղմ ասած՝ ոչ խելամիտ քայլ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս