«Դա կաշկանդող գործոն է, և Արմեն Սարգսյանը կաշկանդված է լինելու». Էդգար Վարդանյան

«Թեև, նախագահի պաշտոնը խորհրդարանական կառավարման համակարգում հիմնականում ներկայացուցչական բնույթ ունի, բայց, թեկուզ հենց մեր Սահմանադրությամբ՝ հանրապետության նախագահը պետության գլուխն է։ Դա արդեն իսկ նշանակում է, որ նախագահի պաշտոնը բավական լուրջ պաշտոն է, դա նաև նշանակում է, որ հատկապես ճգնաժամային իրավիճակներում նախագահը կարող է ունենալ շատ լուրջ դերակատարություն՝ քաղաքական իմաստով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

Քաղաքագետը նկատեց՝ թեև, ըստ Սահմանադրության՝ կառավարչական առումով նախագահը շատ քիչ բան կարող է անել, բայց նա կարող է մթնոլորտ ստեղծել, ազդել հանրային տրամադրությունների վրա, բարձրաձայնել այն հարցերը, որ, օրինակ՝ չեն բարձրաձայնում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները կառավարությունում, ԱԺ-ում և այլն. «Ինչպես նաև՝ նա կարող է ըստ իր լիազորությունների՝ կոնկրետ գործողություններ իրականացնել, որը, թեկուզ իրավական առումով, քաղաքական ճգնաժամ չի ստեղծի, բայց կարող է ստեղծել լուրջ խնդիրներ։ Օրինակ՝ հանրապետության նախագահը կարող է չստորագրել ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի տակ, և, եթե երկրորդ անգամ չի ստորագրում, ապա ստիպված ԱԺ նախագահն է ստորագրելու այդ օրենքի տակ, բայց դա նշանակում է լուրջ քաղաքական քայլ, դա նշանակում է, որ հանրապետության նախագահը կարող է ներկայացնել ընդդիմության տրամադրությունները, ուժեղացնել ընդդիմության դիրքերն իր այդ քայլով»։

Միևնույն ժամանակ, ըստ Էդգար Վարդանյանի՝ նախագահի լիազորությունները պետք է դիտարկել նաև դե ֆակտո քաղաքական ռեժիմի գոյության պայմաններում. «Իսկ դե ֆակտո քաղաքական ռեժիմը ոչ ժողովրդավարական է, ինչը նշանակում է, որ ըստ Սահմանադրության՝ այն, ինչ կա, կարող է չգործել։ Այս առումով, եթե ժողովրդավար երկրի մասին խոսքը լիներ, ապա բացարձակ կապ չէր ունենա՝ նախագահը քաղաքական մեծամասնության կողմի՞ց է նշանակվում, թե՞ հանրությունն է նրան ընտրում, դա նրա հետագա վարքի առումով ոչ մի նշանակություն չէր ունենա։ Հայաստանում կարող է ունենալ, մենք դա հասկանում ենք։ Հայաստանում բոլոր նշանակումները, քաղաքական դասավորումները ստվերային բնույթ ունեն, և հասկանալի է, որ ինչ-որ բանի դիմաց են ինչ-որ մեկին նշանակում։

Դա կաշկանդող գործոն է, և Արմեն Սարգսյանը կաշկանդված է լինելու այդ ամենով, բայց դա չի նշանակում, որ ճգնաժամային իրավիճակների դեպքում նա չի կարող ինքնուրույն դերակատարում ստանձնել․ կարող է, և նա կարող է օգտվել Սահմանադրության իր լիազորություններից՝ տեսնելով, որ, ենթադրենք, իշխանությունը թուլացել է, և ինքը կարող է իր սեփական գիծն առաջ տանել, ինքը կարող է ունենալ հանրային լայն աջակցություն, ունենալ միջազգային հանրության աջակցությունը, անկախ քաղաքականություն վարել և լուրջ դերակատարություն ունենալ՝ ճնշում բանեցնելով իշխանությունների նկատմամբ»։

Բայց եթե ճգնաժամային իրավիճակներ չլինեն, եթե այս ստատուս-քվոն պահպանվի, ապա քաղաքագետը կարծում է, որ դժվար թե Արմեն Սարգսյանը չի հակադրվի քաղաքական մեծամասնությանը. «Բայց չի բացառվում, որ որոշ հարցերի վերաբերյալ, ցույց տալով իր անկախ լինելը, նա կարող է նաև սովորական պայմաններում որոշ հարցերի վերաբերյալ անկախ քաղաքականություն վարել»։

Տեսանյութեր

Լրահոս