Ռաուլ Կաստրոյի դուստրն առաջադրվել է Կուբայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու
Մարիելա Կաստրոն՝ Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի դուստրը, վերստին առաջադրվել է Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) պատգամավորի թեկնածու: Այդ մասին նա ինքն է հունվարի 23-ին հայտնել իր Twitter-ում: «Ես երկրորդ անգամ եմ արժանացել առաջադրվելու Կուբայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու»,-գրել է 55-ամյա Կաստրոն, որը Հավանայից Ազգային ժողովի անդամ է 2013 թվականի փետրվարից:
Տեսականորեն դա Ռաուլ Կաստրոյի դստեր համար հնարավորություն է բացում՝ զբաղեցնելու պետության ղեկավարի պաշտոնը, քանի որ Պետխորհրդի նախագահն ընտրվում է խորհրդարանի պատգամավորների թվից: Սակայն Մարիելա Կաստրոն քանիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հավակնել պետության բարձրագույն պաշտոնին:
Կուբայի գործող ղեկավարի դուստրը Սեռական դաստիարակության ազգային կենտրոնի տնօրենն է եւ հայտնի է Կուբայում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության իր ակտիվ գործունեությամբ: Ավելի վաղ Ռաուլ Կաստրոն Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է առաջադրվել է Սանտյագո դե Կուբայի նահանգի մունիցիպիաներից մեկից: Նրա թեկնածությանը հավանություն է տրվել միաձայն:
Թեկնածությունների շուրջ քվեարկությունը կկայանա մարտի 11-ին: Ինչպես սպասվում է, ընտրություններին կմասնակցեն 8 միլիոնից ավելի ընտրողներ: Սահմանադրության համաձայն, Կուբայում խորհրդարանը եւ մարզային ժողովները վերընտրվում են հինգ տարին մեկ:
Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա 2018 թվականի ապրիլի 19-ին: Այդ նիստում պատգամավորներն իրենց շարքերից կընտրեն Պետխորհրդի 31 անդամներին: Դրանից անմիջապես հետո Պետխորհուրդը կնշանակի իր նախագահին՝ պետության ու կառավարության ղեկավարին: 86-ամյա Ռաուլ Կաստրոն Պետխորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: